Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու մասին որոշման նախագիծը։

Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

«Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են բարձրագույն որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն առաջընթացի և զարգացման նախապայման են»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Համաձայն որոշման՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող որոշ հողամասեր փոխանցվում են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ ապահովելով սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։