ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ. մայիսին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակի ապահովումը թե՛ շենքային, թե՛ գույքային առումով: Նշենք՝ դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 780 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի կառուցման առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:

Նրա խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում, և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով խնդիրներ կան: Վարչապետի գնահատմամբ՝ դա կապված է նաև շենքային պայմանների հետ: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նոր կառուցվող կրթական հաստատություններում քաղաքաշինական աշխատանքների և ձեռք բերվող նոր գույքի որակը՝ շեշտելով կրթական պատշաճ միջավայրի ապահովման առաջնահերթությունը: Վարչապետը հանձնարարական է տվել՝ լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում՝ ընդգծելով, որ պետությունը ներդրումներ է կատարում և պահանջում է որակյալ աշխատանք:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:

Այցի շրջանակում վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: