ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 14, ասպիրանտուրա՝ 3, դոկտորանտուրա՝ 2, վերապատրաստում՝ 1):

ՉԺՀ բուհերում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն լեզուն սովորելու համար հատկացված մեկ տարում։ Կրթաթոշակի թեկնածուներին անհրաժեշտ է ուսումնասիրել ՉԺՀ կոնկրետ բուհերի պահանջները, ընտրել մասնագիտությունը, նախօրոք կապ հաստատել տվյալ բուհերի հետ՝ նախնական նամակ-հրավերի ստացման նպատակով: ՉԺՀ կոնկրետ բուհից նամակ-հրավերի ստացումը պարտադիր պայման է 2024-2025 ուստարում Չինաստանի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները, վերջին 2 տարվա ընթացքում չինարեն լեզվի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Քննությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 2-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը ներառյալ՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 սենյակ, հեռ.՝ +374 10-59-96-46, +374 10-59-96-44)։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/19898: