ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:
Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության նոր պետական չափորոշչի համաձայն, որը պահանջում է քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում և համակարգված, միասնական մոտեցում գործընթացին:
Ըստ այդմ՝ Տավուշի մարզի ուսհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի իրականացվելու, իսկ 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվելու են այլ ընթացակարգով: Հստակեցվել են քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր), նոր չափորոշչով ուսուցման դեպքում՝ 9-րդ դասարանում նաև նախագծային աշխատանքի և էսսեի միջոցով որոշ քննությունների հանձնման մեխանիզմները:
Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
- «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
- «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ):
Բոլոր այն դպրոցներում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:
Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`
- «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
- «Գրականություն» (բանավոր).
- «Հայոց պատմություն» (բանավոր).
- «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
- «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր.
- «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ.
- «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
- Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:
9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝
- «Հայոց լեզու» (գրավոր), թեստ.
- «Գրականություն» և «Հայոց պատմություն» - էսսե (գրավոր), քննության օրը՝ ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից:
- «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
- «Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր).
- «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով:
- «Ֆիզկուլտուրա» (ստուգարք).
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
- Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:
Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկաներից նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ և ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից:
Քննությունների անցկացման ժամանակահատվածը սահմանվել է կարգով:
12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`
- «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ.
- «Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.
- «Հայոց պատմություն» (գրավոր), թեստ.
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).
- Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից: