Երևանի քաղաքապետարանում երկրորդ անգամ անցկացվել է երևանցի լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

2023 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկներն արժանացել են 3 մլն ՀՀ դրամ խրախուսման հավաստագրի: Մեկական միլիոն դրամ մրցանակի են արժանացել նաև մարզիչները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 50 մլն ՀՀ դրամ:

Յոթ մարզաձևերում՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, հրաձգություն, բռնցքամարտ և սամբո, պարգևատրվել և խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 մարզիկները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ այս տարի հայ մարզիկները տարբեր մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 445 մեդալ:

«Նկատելով, որ տարին դեռ չի ավարտվել, ակնկալում ենք, որ այս թիվը կլինի ավելի մեծ: Բայց այս պահին անգամ կարող ենք ասել, որ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցել ենք: Սա այն բանի վկայությունն է, որ ՀՀ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղով, և մեր մարզիկներն իրենց քրտնաջան մարզումներով կարողանում են ծածանել եռագույնը: Քաղաքապետարանի հետ կշարունակենք կազմակերպել տարբեր մրցումներ՝ դրանով իսկ էլ ավելի խթանելով մարզական հաջողությունները»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Շնորհավորելով մարզիկներին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարիներին հաջողությունները միայն ավելանալու են. «Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սա կարևոր գնահատանք է ձեր կատարած աշխատանքին և ձեռքբերումներին: Դուք ոչ միայն մեր երկրի պատիվն եք բարձր պահում միջազգային մրցաշարերում, այլև օրինակ եք ծառայում երիտասարդներին»:

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն էլ պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով: