ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայազգի հանրաճանաչ երաժիշտ, Լիբանանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր շնորհավորական խոսքում շնորհակալություն է հայտնել մաեստրո Չեքիջյանին հայ երաժշտարվեստում անուրանալի ավանդի համար և ընդգծել հոբելյանական օրվա նշանակությունը ողջ երաժշտական հանրության համար:

Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն էլ ընթերցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որում Վեհափառն առանձնակի հիացմունք է հայտնել երգչախմբի կողմից մաեստրոյի յուրահատուկ մեկնաբանությամբ հայ հոգևոր երաժշտության գանձերի բարձրարվեստ մատուցումների մասին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով։

Համերգին ելույթներով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել նաև մենակատարներ Բերճ Քարազյանը՝ ԱՄՆ-ից և Կարինե Բաբաջանյանը՝ Գերմանիայից։

Ուղերձներով Մաեստրո Չեքիջյանի վաստակը պատվել են տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, աշխարհահռչակ երաժիշտներ՝ ընդգծելով նրա աստվածատուր տաղանդը, կարևորությունն ու ներդրումը երաժշտական ​​մշակույթի զարգացման գործում:

Միջոցառման շրջանակում լույս է տեսել մաեստրոյի անցած մասնագիտական ուղու մասին պատմող գրքույկ: