Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող և Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին։

«Մեր ժամանակների հերոսը» մրացանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանը, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանը, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի հիմնադիր Աննա Մարգարյանը, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանը, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանը, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հիմնադիրներ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանը, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանը, քանդակագործ, «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանը, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանը, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանը:

Գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այն շնորհվել է մաթեմատիկայի ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, Գորիսում հեղինակային դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին։ Հանձնելով գլխավոր մրցանակը՝ վարչապետը նշել է. «Այս բեմից նախ շնորհակալություն՝ մեր բոլոր կատարողներին: Մեր սիրելի և հայտնի ստեղծագործություններից մեկի մեջ հնչում էր այս հարցը՝ ես ինչպե՞ս քեզ կոչեմ Հայրենիք իմ հայ: Ես կարծում եմ, որ մենք այսօր այս հարցի պատասխանը տվեցինք՝ մենք պիտի կոչենք այն Հայաստանի Հանրապետություն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մրցանակ է հանձնել Ավագ Համբարձումյանին։ Վերջինս «Բարեկամություն» պետական անսամբլի պարող է։ Իր ծննդավայրում՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում, հիմնել է «Համբարձումյան» պարի դպրոցը և գյուղի երեխաներին ուսուցանում է պարարվեստ։

«Այսօր գնահատում ենք մեր ժամանակների նորօրյա հերոսներին։ Երազանքներին ու նպատակներին հասնելու ճանապարհին նրանց միավորում է ջանքն ու հետևողականությունը։ Գործունեության ոլորտները տարբեր են, սակայն դրանք բոլորն էլ, բացի զուտ տնտեսական արժեքից, հանրային բարիք ու վարքականոն են ստեղծում։ Սա հայրենասիրություն է՝ առանց բառերի, գործով, և այդ առումով ունի հանրային նշանակություն»,- շնորհավորանքի խոսքում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։