ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային գրադարանում այսօր մասնակցել է ուկրաինացի հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ուկրաիներեն-հայերեն ժողովածուի շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև հեղինակը:

Շնորհանդեսը կայացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակման առիթով՝ առանձնակի շեշտելով թարգմանչի՝ Անուշավան Մեսրոպյանի կատարած աշխատանքի կարևորությունը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջերս ընդունվել է ՀՀ մշակույթի զարգացման ռազմավարությունը, և ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության թիրախում արվեստի բոլոր ոլորտներն են, այդ թվում՝ գրականությունը. «Մեզ համար կարևոր է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ստեղծագործական կարողություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն դրսևորվել։ Պետք է մեր երկիրը դարձնենք արվեստների երկխոսության հնարավորության վայր: Մեր նպատակն է նաև ազգային-քաղաքակրթական արժեքների տարածումը, հայ մշակույթի ավանդույթների և նոր ձեռքբերումների արժևորումը, ժամանակակից ստեղծագործական մոտեցումների զարգացումը և Հայաստանում ծնվող նոր ու ստեղծարար արվեստի գնահատումը»:

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ նախարարությունը կարևորում է թարգմանությունների ոլորտը, որը հարստացնում է մեր գրավոր ժառանգությունը: Նախորդ տարվա ցուցանիշներով Հայաստանում լույս է տեսել 2348 գիրք, որոնցից 500-ը թարգմանություններ են:

«Վերջին տարիներին գրահրատարակչության ոլորտում աճն իսկապես նկատելի է, և հատկանշական է, որ ոչ միայն լույս տեսնող գրքերի անուններն են շատացել, այլև դրանց տպաքանակները: Կարևորում եմ նաև, որ այսպիսի հանդիպումներով, քննարկումներով և բանախոսություններով արժևորվում է գրքի հրատարակումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայ ընթերցողները վաղուց ծանոթ են Կույբիդայի գործերին: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ Վասիլ Կույբիդայի բանաստեղծություններն ավելի մշակութահեն, ինտելետուալ են դարձնում նրա մասնագիտություններն ու գիտական հետաքրքրությունները:

Վասիլ Կույբիդայի գրքի ներկայացումը հայ ընթերցողին շուրջ երկու տարի նախապատրաստվում էր Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից։ Դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը ողջունել է բանաստեղծին գրքի հրատարակության առթիվ և շնորհակալական խոսք հղել գրքի թարգմանչին։

Ելույթներ են ունեցել նաև ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավա­տար­մատար Վալերի Լոբաչը, ներկայացուցիչներ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից և Հայաստանի գրողների միությունից:

Միջոցառման վերջում ելույթ է ունեցել Վասիլ Կույբիդան, որն իր խոսքը սկսել է հայերեն, այնուհետև ընթերցել մի շարք բանաստեղծություններ ուկրաիներեն։

Գրադարանում երկու շաբաթ կգործի հայ-ուկրաինական գրական-մշակութային կապերին նվիրված ցուցահանդես։

Նշենք, որ Վասիլ Կույբիդան ֆիզիկամաթեմատիկական և իրավաբանական գիտությունների թեկնածու է, պետական կառավարման ոլորտի փորձառու մասնագետ, տասից ավելի բանաստեղծական ժողովածուների հեղինակ, որոնք թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով: