Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Միջոցառումը մեկնարկել է «ԱՐԱՐ» երգչախմբի կատարումներով (Եղիշե Չարենց` «Ես իմ անուշ Հայաստանի», երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի): Ցուցադրվել է «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության 1-ին հատորի ստեղծագործական աշխատանքների մասին պատմող ֆիլմը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է բոլորին գրքի լույսընծայման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել դրա ստեղծման գործում իրենց անգնահատելի դերակատարումն ունեցող անձանց և կազմակերպություններին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին, «Անտարես» հրատարակչությանը, գրքի խմբագրական խորհրդի անդամներին:

«Անչափ կարևորում եմ, որ այս աշխատանքը նախաձեռնվեց և իրականացվեց համատեղությամբ ու գործակցությամբ՝ պետության, մասնավոր հատվածի, մտավորականների հետ համատեղ ջանքերով: Նման համագործակցություններն են, որ ցույց են տալիս նաև աշխատանքի որակը: Չարենցն այն բացառիկ մեծություններից է, որի հանդեպ յուրաքանչյուրս որոշակի անձնական առնչություն և հարաբերություն ունենք: Այստեղ շատ լավ հնչեց, որ պետք է կարդալ Չարենց, հասկանալ, որովհետև իրականում շատ տարբեր կարող են լինել այդ ընթերցումներն ու ընկալումները, և թերևս դրա մեջ են Չարենցի մեծությունն ու հանճարը: Անձնական առնչությունը մի կողմից շատ մոտեցնում է Չարենցին, մյուս կողմից լրացուցիչ աշխատանք է պահանջում նրան հասկանալու համար: Կարծում եմ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» բառերի մեջ բազմաթիվ են այն շերտերը, որ մենք կարող ենք բացահայտել նորից ու նորից, բազմաթիվ են այն շերտերը, որ մենք պետք է բացահայտենք այս հատորն ընթերցելիս: Առաջին հատորով արդեն սահմանվել է բարձր նշաձողը, և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ հատորների լույսընծայմանը: Վստահ եմ, որ ամեն հատորի հետ նորովի ենք բացահայտելու Չարենցին և մեր հարաբերությունը Չարենցի հետ»,- նշել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և իրականացնում են այս կարևոր գործը:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնությանն աջակցելու համար պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի «Եղիշե Չարենց» հուշամեդալով: Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառման ընթացքում շնորհավորական և գնահատանքի խոսքով հանդես են եկել Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը հիմնարար և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է գիտական, ակադեմիական համայնքի, մասնավորապես՝ չարենցագետների և չարենցասերների համար: