ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշումը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ նշված որոշմամբ գիտության ոլորտի զարգացման ուղղությամբ, որը Կառավարության ծրագրի և քաղաքականության կարևոր թիրախներից է, հերթական որակական բարեփոխման քայլն է արվում. «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է որակի և արդյունավետության խնդիրը: Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, որի արդյունքով արդեն իսկ էական բարձրացում է արձանագրվել. 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ միջինում 174 տոկոսով: Ընդ որում՝ վարձատրության բարձրացումն իրականացվում է ատեստավորման գործընթացի միջոցով, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստեղծված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին»,-նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մինչ այս գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի Կառավարության որոշմամբ, որը բավական հնացած է և լիարժեքորեն չէր համապատասխանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, քանի որ սահմանված չէին կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ:

Նախարարը շեշտել է, որ նոր կարգով Կառավարությունը հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը և դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք հիմնված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա:

«Արդյունավետության պահանջներից զատ՝ կարգով նկարագրվում են նաև յուրաքանչյուր տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները` այսպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող են ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման համար (համապետական պարտադիր ատեստավորման իրականացումը նախատեսվում է 2026 թվականին): Սա էլ հիմք կհանդիսանա արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար»,-նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կարգով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել ՀՀ-ում տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոնների պահանջներին համապատասխանող աշխատողները` իրենց կամքով: Այս տարակարգերը ներմուծվել են առավել բարձր պաշտոններում գտնվող և ատեստավորմանը նախորդող 10 տարիներին որոշակի ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կնախընտրեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:

«Սա նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում, այսպես կոչված, էմերիտուս պրոֆեսորների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորներն իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են հիմնական պաշտոնների նկարագրով սահմանված պարտականությունների մի մասից», -շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ատեստավորման ենթակա են դառնում նաև գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչ այժմ որևէ բարձր կարգի իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալներ է ներկայացրել գիտաշխատողների աշխատավարձերի՝ 2018 թվականի համեմատ 2024 թվականի և 2025 թ. հունվարի 1-ից սպասվող բարձրացման սանդղակների մասին:

Մասնավորապես՝ 2018 թվականի համեմատ լաբորանտ-ճարտարագետների աշխատավարձերը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան 78 տոկոսով, իսկ 2025-ի հունվարի 1-ին կկազմեն 105 տոկոս: Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2024-ի հունվարի 1-ից կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025-ին՝ 135 տոկոսով: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձն առաջիկա հունվարի 1-ից բարձրանալու է 110 տոկոսով, իսկ հաջորդ տարի՝ 145 տոկոսով: Գիտաշխատողի աշխատավարձն այս հունվարի 1-ից բարձրանալու է 154 տոկոսով, հաջորդ հունվարի 1-ից՝ 205 տոկոսով: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2024-ի հունվարի 1-ից կավելանա 203 տոկոսով, հաջորդին՝ 246 տոկոսով, առաջատար գիտաշխատողինը՝ 267 տոկոսով, հետո՝ 288 տոկոսով, գլխավոր գիտաշխատողինը՝ 262 տոկոսով, հետո՝ 300 տոկոսով, գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը՝ 171 տոկոսով, այնուհետ՝ 217 տոկոսով, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը՝ 218 տոկոսով, հետո՝ 238 տոկոսով:

Վարչապետը շեշտել է, որ դրույքները փոխվել են 2022 թվականի հունվարի 1-ից, քանի որ 2018-2021 թվականներին քննարկման փուլում է եղել անհրաժեշտ մեխանիզմների ներդրումը:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել ՀՀ ժողովրդագրության ռազմավարության քննարկումների վրա և շեշտել, որ ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց մասնագիտական գործընթացների մեջ պահելուն: Նոր փոփոխությունները հնարավորություն են տալու, որ գիտնականները և՛ թոշակավորվեն, և՛ շարունակեն իրենց գիտական գործունեությունը համապատասխան ստանդարտներով: Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունն ու որակավորումը»,-նշել է Վարչապետը:

ԿԳՄՍ նախարարն իր հերթին շեշտել է, որ 2026 թվականի ատեստավորումից առաջ կարևոր է գիտնականների՝ արդեն իսկ պատրաստված լինելը գործընթացին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ որակական բավականին լուրջ պահանջներ են դրված՝ հոդվածների տպագրության, գիտական աշխատանքների ղեկավարման և այլ ուղղություններով, ինչը ժամանակ է պահանջում: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև 2026 թվականը համակարգը պատրաստ կլինի որակական նոր ատեստավորմանը:

Խոսելով համակարգում արդեն իսկ առկա որակական փոփոխությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է ՀՀ գիտության միջազգային մրցունակությունը ցույց տվող մի ցուցանիշի մասին:

«Մենք անդամակցում ենք «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որտեղ գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորում է տրամադրվում: Երկիրը մասնակցության համար անդամավճար է տալիս ֆինանսավորման պատուհաններից օգտվելու համար: Եթե այս ծրագրին անդամակցության ժամանակ 2014-2020 թվականներին մեր գիտական կազմակերպությունները կարողացել են ստանալ ընդամենը 4,2 միլիոն եվրո, այն պարագայում, երբ մենք վճարել ենք 8,2 միլիոն եվրո անդամավճար, ընդ որում՝ դրանից 5,1 միլիոնը՝ պետբյուջեից, ապա 2021-ից հետո մենք արդեն 67 հայտ ներկայացրել ենք, որից 11-ն ընդունվել է: Արդեն 3,3 միլիոն եվրո դրամաշնորհ մեր գիտական կազմակերպությունները կարողացել են ստանալ, ընդ որում՝ կան ծրագրեր, որոնցում մեր գիտական կազմակերպությունները համակարգող են»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այն ցույց է տալիս ՀՀ գիտական կազմակերպությունների մրցունակությունը: