ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել է նախարարության աջակցությամբ ամենամյա պարբերականությամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Արթուր Մարտիրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել դասընթացին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ մասնակիցների ձեռք բերած փորձն ու գիտելիքը կնպաստեն նրանց մասնագիտական աշխատանքի բարելավմանը և համայնքների զարգացման, իրազեկվածության բարձրացմանը:

«Այս դասընթացի գլխավոր նպատակն այն է, որ դրան մասնակցեն այնպիսի երիտասարդներ, որոնք իրենց համայնքում կապահովեն երիտասարդության ոլորտի զարգացման կայուն շարունակականություն: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր գործունեությամբ աջակցի ձեր իսկ համայնքի զարգացմանը: Պետական քաղաքականության տեսանկյունից կարևոր է բացահայտել երիտասարդների ներուժը, շարունակաբար զարգացնել նրանց կարողությունները, նպաստել քաղաքացիական կրթությանը և կազմակերպել երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը: Այս ամենը պետք է դրվի երիտասարդական աշխատանքի հիմքում, որն էլ կնպաստի համայնքի համապարփակ զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանը երիտասարդներին կոչ է արել լինել առավել ակտիվ, նախաձեռնող, հստակ, նպատակային առաջարկներով մասնակցություն ունենալ երիտասարդության ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներին:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի ձևաչափով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ աշխատող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ՏԻՄ մակարդակում որակյալ ու գիտելիքահեն երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Այս տարի դասընթացը հաջողությամբ ավարտել է 21 մասնակից Երևանից և ՀՀ մարզերից, որոնք դասընթացի ավարտին ներկայացրել են իրենց համայնքում իրականացվելիք առաջիկա երեք ամսվա ծրագրային պլանը։

Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնց աշխատանքային գործունեությունն առնչվում է երիտասարդության ոլորտին։