ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսով:

Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, անդրադարձել է միջազգային, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություններին, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին:

Միջազգային կապեր, սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցություն

«Պետք է ընդգծել, որ տարին բավականին արդյունավետ էր հատկապես միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից: Մենք ընդլայնել ենք համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր երկրների հետ»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ ստորագրվել են շուրջ 14 փաստաթղթեր, որոնցից 9-ը գործընկեր երկրների, 5-ը՝ միջազգային տարբեր կառույցների հետ։ Նա առանձնակի շեշտադրել է կրթության միջազգային գործընկերության, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև ԵՄ-ի և «Թումոյի» համագործակցությամբ նոր կոնվերգացիոն կենտրոնի աշխատանքների կարևորությունը: Նշվել է, որ ներկայում մշակվում են շուրջ չորս տասնյակ միջազգային համագործակցության փաստաթղթեր, շարունակվել է համագործակցությունը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերով։

Մշակվել է օտարերկրյա քաղաքացիների ընդունելության էլեկտրոնային հարթակը

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ու սփյուռքահայ ուսանողներին: ՀՀ բուհերում սովորում է 8333 օտարերկրացի, որից` 4229-ը սփյուռքահայ, նրանցից 330-ը՝ պետական պատվերով (աճ՝ 8.4%):

«Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագրով թիրախ ենք սահմանել կրկնապատկել Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2023-2024 ուսումնական տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայերին տրամադրվել է 70 անվճար տեղ՝ մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով:

ՀՀ ուսումնական հաստատություններում ընդհանուր առմամբ սովորում է 4248 սփյուռքահայ՝ 37 երկրից, որոնցից 330-ն անվճար՝ հայագիտական, մանկավարժական և արվեստի ոլորտների մասնագիտություններով:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ մշակվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունելության և հաշվառման էլեկտրոնային հարթակը, որի շահագործումը նախատեսվում է 2024-2025 ուստարում: Լրամշակվում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը։

Միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ 2023/24 ուստարում օտարերկրյա բուհերում ուսանելու է մեկնել 264 ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ բուհերում ուսանելու համար դիմել է 76 օտարերկրյա քաղաքացի։

Ցանցային հայագիտական համալսարան

Ներկայացնելով այդ ոլորտում վերջին զարգացումները՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ անցյալ տարի համաձայնագիր է կնքվել Վիետնամի հետ, իսկ այս տարի՝ Հունգարիայի:

2012 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետության 15 կառույցում: Ներկայում աշխատանքներ են իրականացվում Ղազախստանի ԼԳումիլյովի անվան ազգային համալսարանում հայկական կենտրոնի հիմնման ուղղությամբ:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. նոյեմբերի 30-ի N 56-Լ հրամանով հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը», որով սահմանվում են ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող համագործակցության քայլերի շրջանակը և զարգացման ապահովման սկզբունքները։

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում և դասագրքերի տրամադրում

Անդրադառնալով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «2023 թ. հուլիսի 3-ից մինչև հուլիսի 28-ն անցկացվել է «Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների հզորացում» ծրագիրը, որի իրականացման համար ՀՀ 2023 թ. պետական բյուջեից տրամադրվել է 39500000 դրամ: 2023 թ. ծրագրին մասնակցության հայտադիմում են ուղարկել շուրջ 167 ուսուցիչ և տնօրեն, որոնցից ընտրվել է 69 մասնակից՝ 18 երկրից: Դասընթացն անցկացվել է նախարարության կողմից հաստատված 7 ծրագրային ուղղություններով՝ 120 ժամ տևողությամբ: Դասագրքերի և ուսումնական նյութերի տրամադրման վերաբերյալ բանախոսը տեղեկացրել է՝ 220 կրթօջախի տրամադրվել է 38570 կտոր ուսումնական նյութ, որից 21970-ը՝ 57%-ը Վրաստանին:

2023 թվականին ձեռք է բերվել 20964 կտոր գրականություն, բավարարվել են 23 երկրի 220 կրթօջախի հայտեր (որոնցից 122-ը Վրաստանում գործող հայկական կրթօջախներ են): Ընդհանուր առմամբ՝ տրամադրվել է 38570 կտոր գրականություն, որից 9500 կտոր գրականությունը տրամադրվել է Վրաստանում գործող հայկական դպրոցներին:

Այսպիսով, 2023թ. Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված դասագրքերի պահանջարկի հայտն ամբողջությամբ բավարարվել է:

Մի շարք այլ երկրների կրթօջախներին դասագրքերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին:

Որպես կարևոր ձեռքբերում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հիմնվել է սփյուռքում կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը՝ https://lib.armedu.am/category/67, որը հրատարակչությունների հետ սոցիալական գործընկերության շնորհիվ աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և ուսումնաօժանդակ էլեկտրոնային նյութերով։

Երիտասարդություն

«Երիտասարդական պետական քաղաքականությունը ՀՀ պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որի իրականացման համար 2023 թվականին պետական ֆինանսավորմամբ իրագործվել են մի շարք ծրագրեր,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել,-2023 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել է 25 երիտասարդական ծրագիր՝ 1 807 144 180 դրամ ֆինանսավորմամբ»։

Երիտասարդության ոլորտում որպես առաջնահերթություն՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքների կարևորությունը` տեղեկացնելով, որ այդ նպատակով արդեն աշխատանքային խումբ է ձևավորվել. «Օրենքը կսահմանի ՀՀ-ում երիտասարդության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները և նպատակները, կկարգավորի երիտասարդների, երիտասարդ ընտանիքների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական խորհրդատվական մարմինների և պետության փոխհարաբերությունները: Ակնկալվում է, որ օրենքը, համաձայն ՀՀ կառավարության գործունեության 2021-2026 թթ գործողությունների ծրագրով սահմանված ժամկետների, մինչև 2024 թ ապրիլի 3-րդ տասնօրյակ կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը»։

Երիտասարդական ազգային ինդեքսի մշակում

Նախատեսվում է նաև երիտասարդական ազգային ինդեքսի մշակում: «Այն գործիք է, որը կօգնի արդյունավետ պետական քաղաքականության մշակմանը՝ միջնաժամկետ կտրվածքով մշտադիտարկելով և գնահատելով երիտասարդությանը բնութագրող տվյալները։ Երիտասարդության ինդեքսը չափելու և գնահատելու է Հայաստանի երիտասարդների բարեկեցության վրա ազդող 6 հիմնական ոլորտները՝ առողջություն, կրթություն, զբաղվածություն, գենդերային հավասարություն, անվտանգություն և պաշտպանություն, մասնակցայնություն։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ երիտասարդության ազգային ինդեքսը կներդրվի մինչև 2024 թ-ի տարեվերջ»,- իրազեկել է Արթուր Մարտիրոսյանը։

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգի փոփոխություն

Ըստ փոխնախարարի՝ կիրականացվի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կանոնակարգի փոփոխություն: Մրցույթի իրականացման կանոնակարգում փոփոխությունը բխել է հանրային մասնակցության կշռի բարձրացման անհրաժեշտությունից: «Կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկությունը հանդիսանում էր երկրորդային և դիտարկվում էր բացառապես փորձագիտական գնահատման արդյունքների հանրագումարով հավասար միավորների պարագայում։ Ներկայիս իրավակարգավորումներով քաղաքների հայտերի գնահատումն իրականացվում է 3 բաղադրիչի հաշվառմամբ՝ համայնքի/քաղաքի կարողությունների փորձագիտական գնահատում, հայտի ծրագրի փորձագիտական գնահատում և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն։ Մշակվել է բանաձև, որտեղ յուրաքանչյուր քաղաքի մասով վերջնական գնահատականը ձևավորելիս համայնքի/քաղաքի կարողությունների գնահատման կշիռը սահմանված է 33%, հայտի ծրագրի գնահատման կշիռը՝ 33% և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության կշիռը՝ 34%»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը և նշել, որ մրցույթի հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է. այս տարի հայտ էր ներկայացրել 5 քաղաք, որոնցից «ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը նվաճել է Գավառը:

Նշյալ միջոցառումը մաս է կազմում «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ» տարածաշրջանային միջոցառմանը։ Այս առումով հատկանշական է, որ ԱՊՀ գործադիր մարմնի նիստի որոշմամբ Հայաստանի 2020-2021 թ-ի երիտասարդական մայրաքաղաք Կապանը ճանաչվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Այս համատեքստում նշվել է՝ «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդների նորարարական գաղափարների մրցույթն էլ մաս է կազմում «100 գաղափար ԱՊՀ-ի համար» տարածաշրջանային մրցույթի։ Կարևորվել է, որ 2023թ-ի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին Հայաստանի կողմից ներկայացված 2021 և 2022 թվականներին առավելագույն միավորներ հավաքած գաղափարներից մեկն «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում ճանաչվել է հաղթող:

Երիտասարդական կենտրոնների ստեղծում

Անդրադառնալով երիտասարդական կենտրոնների ստեղծմանը՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մինչև 2023 թվականի տարեվերջ Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կստեղծվեն ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Տավուշի մարզի Դիլիջան և Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում։ Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը։ Ծրագրի շրջանակում կնքվել են երկու պայմանագրեր համապատասխանաբար՝ 25 718 000 և 24 000 000 ՀՀ դրամ արժողությամբ: Երկու կենտրոններում էլ ավարտվել են շինարարական աշխատանքները. դրանց գործունեությունը կսկսվի 2024 թվականի հունվարից: Մինչ այդ՝ 2022 թ Տավուշ մարզի Իջևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում ևս ստեղծվել էին և ներկայում ակտիվ գործունեություն են ծավալում նմանօրինակ կենտրոններ։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն»:

Երիտասարդական ծրագրեր

Ծրագրեր են իրականացվել նաև՝ ուղղված երիտասարդների շրջանում կարողությունների զարգացմանն ու իրազեկության բարձրացմանը: Մարզերից և Երևանից 1165 երիտասարդի մասնակցությամբ իրականացվել են քաղաքացիական կրթության, հայրենաճանաչության, մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, առաջին օգնության, առողջ ապրելակերպի, երիտասարդական աշխատանքի, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական ձեռներեցության, կամավորության խթանման վերաբերյալ ծրագրեր: Նախորդ տարվա համեմատ գրանցվել է մասնակցության 23 % աճ:

2023թ-ի ընթացքում իրազեկման ծրագրերի շրջանակում իրականացվել են 2 դրամաշնորհային, 5 գնման մրցույթներ, այդ թվում՝ երկու իրազեկման կայքերի՝ erit.am երիտասարդական պորտալի և antitrafficing.am-ի, ինչպես նաև ավիատոմսի ծախսի փոխհատուցման ծրագիր՝ ընդհանուր 37.415.370 ՀՀ դրամ գումարով: ՀՀ մարզերից և Երևանից 2497 երիտասարդներ մասնակցել են երիտասարդների համար իրականցվող պետական ծրագրերի, նորարարական գաղափարների ներկայացման, հայրենաճանաչության, ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, թրաֆիքինգի կանխարգելմանը, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանն ուղղված միջոցառումների:

Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթը: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը, որի համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 2,777,000 ՀՀ դրամ:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»

Երիտասարդության ոլորտում իրականացվող առանցքային ծրագրերից ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին: Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։

Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է ծրագրին դիմելու պայմանները: Օրինակ՝ շահառուներ կարող են լինել երիտասարդ ընտանիքներ, որոնց տարիքային գումարը առավելագույնը պետք է լինի 70-ը ներառյալ (ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի), միայնակ ծնողներ (երեխա ունեցող միայնակ ծնող՝ մինչև 35 տարեկան ներառյալ) և այլն:

2023թ. 12 ամսվա ընթացքում բնակարանային պայմանների բարելավման համար 733 ընտանիք դարձել է ծրագրի շահառու՝ օգտվելով պետական սուբսիդավորումից և ձեռք բերելով բնակարան/բնակելի տուն երկրորդային շուկայից, ընդ որում՝ 179-ը Երևանից, 554-ը՝ ՀՀ մարզերից։

Նշենք, որ ասուլիսի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում իրականացված աշխատանքներին: