ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է՝ 76 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։
Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին՝ արծաթե մեդալակիր։ «Արարատ» ակումբի կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։
Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի Հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր: Եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը՝ այն ղեկավարելով մինչև 1994 թվականը։
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին, հարազատներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին։