ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման նախաձեռնությունները:

«Մեր երկիրն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որով սահմանված միջոցառումների զգալի մասը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտում է և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրին: Համաձայնագրի երկու առանցքային նպատակներն են՝ բարելավել և զարգացնել եղած ռեսուրսները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, և երկրորդ՝ համագործակցային կապեր հաստատել հայ և եվրոպացի գործընկերների միջև՝ ինտեգրվելով եվրոպական առաջադեմ փորձին: Այս երկու նպատակների շրջանակում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոններին: Ըստ փոխնախարարի՝ դրանց նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան կազմակերպելու քննարկումներ՝ միջավայրի լավարկման, համայնքի խնդիրների լուծման և այլնի վերաբերյալ: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագիրը՝ որպես հնարավորություն երիտասարդների համար՝ ՏԻՄ-երի աջակցությամբ լուծելու համայնքային խնդիրները, ապահովելու ինքնակազմակերպումը, համայնքային կյանքին ներգրավվածությունը, ինտելեկտուալ ժամանցը:

«Կարևոր է, որ ՏԻՄ-երը է՛լ ավելի մեծ դերակատարում և պատասխանատվություն ունենան համայնքներում երիտասարդական կյանքի կազմակերպման, աշխուժացման, ներուժի ինքնիրացման հարցերում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 10 համայնքում ձևավորել ռեսուրս կենտրոններ՝ մշակութային պալատների հիմքի վրա։ Դրանք համայնքում պետք է ապահովեն հագեցած մշակութային և երիտասարդական կյանք՝ բարձրացնելով գեղագիտական կրթության նշաձողը, երիտասարդների իրազեկվածության մակարդակը, նոր գաղափարների իրացումը:

Երիտասարդական ծրագրերի իրականացման, համապատասխան միջավայրերի ստեղծման, ինքնիրացման, բարեկեցության համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է պատշաճ իրազեկման առաջնահերթությունն ու կարևորությունը՝ ծրագրերի հասանելիության և երիտասարդների ընդգրկվածությունը հնարավորինս ընդլայնելու տեսանկյունից:

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի ազգային գործակալությունների ցանցը: Այն եվրոպական համագործակցության հարթակ է՝ շահերի պաշտպանության, գիտելիքների փոխանակման, գործընկերության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների միջոցով որակյալ երիտասարդական աշխատանքի զարգացման համար:

Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, 2023 թվականի հունվար ամսից մեկնարկել է մենթորության նախագիծը, որը Հայաստանում համակարգում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը: 2022 թվականից «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրին Հայաստանի Հանրապետությունից միացել է յոթ համայնք՝ Գյումրի, Սպիտակ, Արմավիր, Էջմիածին, Խոյ, Գավառ և Ալավերդի։ Նշված համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել տարաբնույթ միջոցառումների՝ ուսումնական այցեր, վերապատրաստումներ, գործընկերության հաստատման հանդիպումներ և այլն:

Նշենք, որ 2017 թվականից սկսած՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը Հայաստանում համակարգում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021–2027 թվականներին: