Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով:

Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել Մեծ Մասրիկ համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ տեղեկություններ, ուսումնասիրել, վերլուծել և այդպիսով նաև բարձրացնել իրենց ինքնակրթության մակարդակը:

Աշակերտների տեղեկացմամբ՝ խումբը բաժանվել է երկու մասի՝ հետազոտողներ և լրագրողներ, և վերջիններս նախագծի շրջանակում հետաքրքրվել են ԿԳՄՍ նախարարից՝ ինչ ծրագրեր են իրականացվում՝ աջակցելու մեր հայրենակիցներին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և նրանց նախաձեռնությունը, որն իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում՝ որպես մեծ թիմով նախագծեր անելու և կարևոր արժեքների մասին դասեր սերտելու հնարավորություն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կրթության աջակցման ծրագրերին՝ նախարարը նշել է.

«Մեր հայրենակիցներն աջակցության կարիք ունեն, և պետությունն այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: 17000-ից ավելի աշակերտ այսօր սովորում է ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ 400 ուսուցիչ աշխատում է հանրակրթության համակարգում: Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք աջակցության այլ ծրագրերի իրականացմանը ևս»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին ԼՂ-ից բռնի տեղահանված իրենց հասակակիցներին ջերմորեն ընդունելու, դասերը լրացնելու հարցում օգնելու, նոր պարագաներ տրամադրելու և ցուցաբերած հոգատարության համար:

«Դժվար օրերը մեզ սովորեցնում են ամենակարևոր արժեքները՝ ծանր պահին հասնել միմյանց, օգնել, թեթևացնել մեկս մյուսի բեռը: Այդ որակները հնարավորություն են տալիս ավելի լավ հասարակություն կառուցելու»,- ասել է նախարարը և պատմել Գորիս այցի շրջանակում երիտասարդների ու պատանիների հետ հանդիպումների մասին։

«Գորիսում ձեր հասակակիցներն առաջինն են դիմավորել մեր հայրենակիցներին: Նրանք ահռելի աշխատանք են կատարել և ինչպես պատմում էին՝ մեծ փորձ են ձեռք բերել և այդ օրերին մարդկային արժեքների մասին ավելի մեծ դասեր են քաղել, քան երբևէ»:

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ արդյոք Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում կա՞ն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներ: Ըստ մեծմասրիկցի աշակերտների՝ իրենց դպրոցում 2020 և 2023 թվականների պատերազմներից հետո սովորում է շուրջ 40 տեղահանված աշակերտ, և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից 150 մարդ է բնակվում Մեծ Մասրիկում:

Նրանք տեղեկացրել են, որ ունեցել են տարաբնույթ հանդիպումներ և պատրաստել են իրազեկող պաստառ և թռուցիկներ:

Նախագծային խմբի ղեկավար ուսուցչի խոսքով՝ աշխատանքի վերջնարդյունքն աշակերտների համար պետք է լինի Արցախի բարբառի, մշակույթի, ավանդույթների, խոհանոցի բացահայտումը, որոնք այժմ ուսումնասիրման փուլում են: Նա նաև նշել է, որ դպրոցում ձևավորվել է ծնողների հետ կայուն և լավ համագործակցային մթնոլորտ՝ լիարժեք և ամբողջապես իրացնելու աշակերտների կրթության իրավունքը:

Հանդիպման ավարտին աշակերտները խոստացել են նախագծային աշխատանքն ավարտելուց հետո ամփոփիչ սահիկաշարը ներկայացնել նախարարին: