ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Ֆինանսական կրթման» ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2023 թվականի եզրափակիչ՝ 23-րդ նիստը։ Նիստում ամփոփվել են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական բարեկեցության աճին։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ծրագրի իրագործման հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, տարբեր գերատեսչությունների, կրթական, ֆինանսական ոլորտների ներկայացուցիչներ:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարի անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակում 10 երկրներ կստանան աջակցություն ֆինանսական կրթության մեթոդներ մշակելու, հետազոտություններ իրականացնելու նպատակով, և կիրականացվի փորձի փոխանակում։

ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանն անդրադարձել է ԿԲ ռազմավարական հիմնական ուղղություններին, որոնցից է նաև սպառողի զորակցումը։ Այդ նպատակով Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կամ ակտիվ համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվել են 14 նախագծեր և բազմաթիվ միջոցառումներ տարբեր թիրախային խմբերի համար։

Նիստին ներկայացվել են ֆինանսական կրթության հիմնական նախաձեռնությունների արդյունքները։

Վերջին եռամսյակի ընթացքում պատրաստվել են 70 կրթական հոլովակներ թվային նոր տեխնոլոգիաների միջոցով ֆինանսների կառավարման, առցանց գնումների, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործման, վարկերի առանձնահատկությունների, անձնական տվյալների պաշտպանության և այլնի մասին: Հոլովակները կհրապարակվեն և կտարածվեն հեռուստատեսությամբ ու սոցիալական մեդիայով։ Դպրոցներում ֆինանսական կրթության վերաբերյալ երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերում ներառված են խնայողությունների, եկամուտների ու ծախսերի, գումարային հաշվարկների ու ֆինանսական որոշումների կայացման և այլ թեմաներով դասեր:

Այս տարի մշակվել է նաև մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, որը ներկայացնում է քոուչինգի այն մեթոդներն ու գործիքները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել հայկական հանրակրթական դպրոցներում։

Ֆինանսական կրթությունը ներդրվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

2023 թվականին աշակերտների համար իրականացվել են տարբեր նախագծեր: Շուրջ 100 դպրոցներ ընդգրկվել են «Փողի միջազգային շաբաթ» ծրագրում, որի շրջանակում ԿԲ փորձագետներն այցելել են Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներ և աշակերտներին փոխանցել անձնական ֆինանսները կառավարելու գործնական հմտություններ:

Ավելի քան 400 աշակերտներ մասնակցել են տնտեսագիտության օլիմպիադային, որոնցից հինգը մասնակցել է օլիմպիադայի միջազգային փուլին։

Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող աշակերտական 10 թիմերն իրենց ֆինանսատնտեսագիտական գիտելիքները ստուգել են «Բրեյն ռինգ» մրցաշարում։

Սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների 1000 երեխաների համար կազմակերպվել են «Հաշտ ճամբարներ»՝ նրանց իրազեկելով ֆինանսների ոլորտում իրավունքների պաշտպանության ու անձնական ֆինանսները լավ կառավարելու կարևորության մասին։

Նիստին գործընկեր կառույցները ներկայացրել են ֆինանսական կրթության վերաբերյալ իրենց նախաձեռնությունները, որոնք իրականացվել են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: