Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրիում՝ երկամարտի 232 կգ արդյունքով (106 + 126 կգ):

Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր արծաթե մեդալներին՝ գլխավերևում պահելով համապատասխանաբար 106 և 126 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը դարձել է Գրան Պրիի բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 230 կգ արդյունք: Պոկում վարժությունում Տաթև Հակոբյանն արժանացել է փոքր ոսկե մեդալին (107 կգ), իսկ հրում վարժությունում դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 123 կգ կշռող ծանրաձողը:

Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշային ծանրորդներ Վարազատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով դարձել էր Գրան Պրիի արծաթե մեդալակիր: 96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց էր տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել էր 200 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գարիկ Կարապետյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն էլ դարձել էին մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը ցույց էր տվել երկամարտի 391 կգ արդյունք ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը նվաճել էր փոքր ոսկե մեդալ՝ գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 211 կգ արդյունքով գրավել էր 5-րդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի էր դուրս եկել երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա մարզուհին երկամարտում ցույց էր տվել 189 կգ արդյունք և դարձել մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն էր նվաճել մեծահասակների պայքարում:

Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել էր 81 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն: