Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր:

102 կգ քաշայինների պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում նա գրավել է 5-րդ տեղը՝ 211 կգ արդյունքով։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով դարձել էր Գրան Պրիի արծաթե մեդալակիր, իսկ 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ 189 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, մրցավայր են մեկնել նաև Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: