Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Նրան ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Մենք հիմա էլ բավականին մեծ թվով մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում՝ դպրոցների տեսքով: Երկու օր առաջ նորից կառավարության նիստում հնչեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում 25 մարզադահլիճներ շահագործման կհանձնենք այն դպրոցների համար, որոնք չունեն նման մարզադահլիճներ»:

Վարչապետը շրջել է մարզահամալիրում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է, որ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։

Պատասխանատուների ներկայացմամբ` դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, գեղարվեստական մարմնամարզության, շախմատի և ուժային եռամարտի խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։

Դիլիջանում վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար սուբվենցիոն ծրագրով հատկացվել է 232 մլն դրամ, որից Կառավարությունը համաֆինանսավորել է 93 մլն դրամ։