«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի տարեկան հանդիպումը:

Հերթական հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանն ու խթանմանն ուղղված գործողությունները։ Երկու օր տևած համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC), ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել երկխոսության հարթակի շրջանակում կազմակերպվող քննարկումների համար՝ընդգծելով դրա կարևորությունը։ Նա նշել է, որ բացի ոլորտային աշխատանքներից՝ այս տարի ՄԿՈւ գործընկերներն իրենց ջանքերը մեկտեղել են՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրականացնելով սոցիալական, կրթական և այլ ծրագրեր։ Արմենուհի Պողոսյանը փաստել է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք աջակցության ծրագրեր՝ սովորողների կրթության շարունակականության ապահովման, կրթաթոշակների տրամադրման և այլ հարցերում՝ հորդորելով գործընկերներին ևս հնարավորինս մասնակից լինել վերոնշյալ ծրագրերին։

Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողով։ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ ոլորտային օրենքը ենթարկվել է արմատական փոփոխության՝ կառուցվածքի, սկզբունքների, մոտեցումների, գաղափարների և բովանդակության տեսանկյունից։ Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին և գործընկերներին, մասնավորապես՝ GIZ-ին, օրենքի մշակմանն աջակցելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացրել է միջազգային փորձաքննության, որի արդյունքում ստացվել է դրական եզրակացություն։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ ընդգծելով հարթակի պարբերական հանդիպումների կարևորությունը:

ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու Վերներ Թութն ընդգծել է, որ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը«Մենք ցանկանում ենք աջակցել պետությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար Հայաստանում արժանապատիվ ապագա ստեղծելու գործում»:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ԿԳՄՍ նախարարության կողմից ՄԿՈւ ոլորտի իրազեկմանն ու տեսանելիության բարձրացմանն ուղղված գործիքները, ինչպես նաև գործընկերների կողմից ակնկալվող աջակցությունն այս հարցում։ Հանդիպմանը ներկայացվել է նաև «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (MAVETA) ծրագրի հաղորդակցման ռազմավարությունը։

Քննարկվել են ՄԿՈւ ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ գործողությունները, առաջխաղացման ընդհանուր մոտեցումները և գործողությունների պլանը, յուրաքանչյուր շահագրգիռ կողմի ներդրումների հնարավորությունը:

Նշենք, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER), Իզմիրլյան հիմնադրամի և Վանանդ Ագրո ՓԲԸ-ի կողմից: