Հունգարիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/): ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ:

«Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 15-ն է՝ ժամը 14:00-ն (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով): Թեկնածուների ընտրության մասին դիմողները կտեղեկացվեն լրացուցիչ:

Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կրթաթոշակային ծրագրի ներկայացվող պայմաններին, որոնք հասանելի են դիմումի ուղեցույցում՝ https://tinyurl.com/mudc4nmx:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +374 10-59-96-46, +37410-59-96-96):

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: