«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Անն Հագլունդ-Մորիսին՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալը։

Ողջունելով ներկաներին՝ համատեղ կոմիտեի հայաստանյան համանախագահ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում կայացած առաջին հանդիպումից ի վեր՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում համագործակցության ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն անհրաժեշտություն կա հավելյալ քննարկելու ծրագրին ՀՀ մասնակցության հետագա խթանման միջոցները և գործիքները։

«Հայաստանը մի շարք էական բարեփոխումներ է իրականացրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնցից մեկը պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանը հատկացվող միջոցների զգալի ավելացումն է, իսկ մյուսը Գիտության կոմիտեի վերակազմակերպման արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծումը, որը թույլ կտա ապահովել կրթության և գիտության ոլորտների առավել արդյունավետ ինտեգրում՝ բերելով սիներգետիկ արդյունքների»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Անն Հագլունդ-Մորիսին ընդգծել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության զգալի առաջընթացը և դրական փոփոխությունները՝ նախորդ «Հորիզոն 2020» ծրագրի համեմատ (ներկա պահին ՀՀ մասնակցության քանակային ցուցանիշներն արդեն կազմում են «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության 2016-2020 թթ․ ցուցանիշների 50%-ը), սակայն ծրագրին ՀՀ մասնակցությունը դեռևս կարիք ունի խթանման։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորել է հայաստանյան գիտական խմբերի՝ միջազգային գիտահետազոտական դրամաշնորհներին մասնակցության և մրցունակության բարձրացման հարցը։ Նա նաև անդրադարձել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին համարժեք հայաստանյան ծրագրերին ԵՄ կազմակերպությունների փոխադարձ մասնակցության խթանման հարցին՝ ներկայացնելով ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմանն ուղղված մրցույթները: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին, համատեղ Կոմիտեի առաջին հանդիպման արդյունքում ընդունված գործառնական եզրակացություններին, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման քաղաքականությանն աջակցելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Հանդիպման օրակարգում էին նաև 2021-2023թթ․ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության արդյունքների քննարկումները և հետագա մասնակցության խթանման ծրագրերը։ Ներկայացվել են Եվրոպական նորարարական խորհրդի կողմից, ինչպես նաև եվրոպական հետազոտական տարածքի 2020թ․ քաղաքականության շրջանակում իրականացվող որոշ միջոցառումներին ՀՀ մասնակցության հնարավորությունները, 2022թ․ Եվրոպական նորարարական օրակարգի և ԵՄ «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապի ներդաշնակեցման, «Հորիզոն Եվրոպա» ծրագրերին մասնավոր կազմակերպությունների մասնակցությունների խթանման, Հետազոտությունների և նորարարության հարցերով ԱրԳ ոչ ֆորմալ աշխատանքային խմբի շրջանակում ԵՄ-ՀՀ համագործակցության հարցերին:

Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան- ԵՄ համատեղ կոմիտեն ստեղծվել է՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթներին համաձայն: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը՝ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում։