Երևանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե:

Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ:

Դեկտեմբերի 4-ին՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչները երեքական ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով պարգևատրել Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):

Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր Վաղարշակ Քեյանը (48 կգ), իսկ Արեն Խառատյանը (52 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Հայաստանի թիմի կազմում Տիգրան Խաչատրյանն էլ (+80 կգ) ավելի վաղ դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայ բռնցքամարտիկների պարգևատրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և այլք:

Մրցաշարին շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկներ են մասնակցել: 15-16 տարեկան բռնցքամարտիկները մրցել են տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը: