Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը եզրափակչի ուղեգիր է նվաճել կանանց հավաքականի անդամ, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը: Նա մենամարտել է Թայպեյը ներկայացնող Շեն Սին –էլի հետ և ժամանակից շուտ հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ՝ տեխնիկական նոկաուտով:
46 կգ քաշային Առնո Դարչինյանը կիսաեզրափակչում մենամարտել է ուզբեկ Աբդուրախմոն Մախմուդջանովի հետ և առաջին երկու ռաունդներում ունենալով շոշափելի առավելություն՝ 4-1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:
48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել ղազախ Նիջմեթ Նիջմեթի նկատմամբ: Մենամարտի առաջին իսկ րոպեից հայ բռնցքամարտիկը բավականին ակտիվ է գործել, ինչի արդյունքում մրցավարը երկրորդ ռաունդում դադարեցրել է մենամարտն ու արձանագրել է Քեյանի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:
Եվրոպայի պատանիների չեմպիոն, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գումբայի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով մրցակցին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 52 կգ քաշային Արեն Խառատյանը մենամարտել է Բուլղարիան ներկայացնող Յանկո Մետոդիևի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել:
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը կիսաեզրափակչում մենամարտել է Հորդանանը ներկայացնող Մոհամեդ Աբդուլայի հետ և հաղթել է տեխնիկական նոկաուտով:
66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արգիշտի Հակոբյանը կիսաեզրափակչում մենամարտել է ուզբեկ Ակբար Ահմադովի հետ: Առաջին ռաունդում զիջելով 2-3 հաշվով՝ հայ բռնցքամարտիկը կամային հատկանիշների շնորհիվ բեկել է մենամարտի ընթացքը և հաղթել է 4-1 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կիսաեզրափակչում 5:0 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Նորբեկ Աբդուլաևի նկատմամբ:
Իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը կիսաեզրափակչում 4:1 հաշվով ուժեղ է գտնվել իսպանացի Դանիել Յոլբերից:
Եզրափակիչ մենամարտերը կկայանան դեկտեմբերի 3-ին և 4-ին։ Այսօր կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը։
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, ռինգ դուրս կգան և պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն Արեն Խառատյանը (52 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։ Մրցումները կմեկնարկեն ժամը 17։00-ից:
Դեկտեմբերի 4-ին ոսկե մեդալների համար կպայքարեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):
Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից: Մուտքն ազատ է։