ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել այս տարվա հոկտեմբերին Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովին Հայաստանի մասնակցությունը:

«Շնորհակալ ենք թե՛ կոալիացիային անդամակցության, և թե՛ համաժողովի մասնակցությանն աջակցելու համար: Այս ծրագրում ներգրավվածությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու տեղեկացրել՝ համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ աշխատանքներ են տարվում 2025-26 ուսումնական տարվա մեկնարկին Երևանի դպրոցները ևս ծրագրում ներառելու հնարավորության շուրջ, ինչը թույլ կտա մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը:

Ժաննա Անդրեասյանը գրասենյակի տնօրենի ուշադրությունն է հրավիրել Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության մեծածավալ աշխատանքներին, որը ներառում նաև ուսհաստատությունների ճաշարանները: Այս գործընթացում նախարարը կարևորել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներգրավվածությունը՝ որպես այս ուղղությամբ մասնագիտացված կառույց:

ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի գրանցած հաջողությունները: Նանա Սկաուն ևս կարևորել է Փարիզում անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին գլոբալ համաժողովին Հայաստանի մասնակցությունը: «Համաժողովին իսկապես շատ տպավորիչ մասնակցություն ունեցաք: Կարծում եմ՝ մի շարք երկրների հետ ունեք կիսվելու տպավորիչ արդյունքներ, քանի որ Հայաստանում այս ծրագիրն իսկապես նշանակալի հաջողություններ է գրանցում»:

Նանա Սկաուն նաև տեղեկացրել է՝ իրականացված որոշակի հետազոտություններ ցույց են տալիս, որ ծրագիրն իր դրական ազդեցությունն է ունենում ՀՀ մարզերի դպրոցականների վրա, որոնք արդեն իսկ էականորեն վերանայել են իրենց սննդակարգն ու ավելի առողջ են սնվում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հետազոտությունների անցկացումը՝ ծրագրի ներդրման իրական ազդեցությունն ու արդյունքները հասկանալու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությանը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը: