Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:

Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ է և կոչված է խրախուսելու դպրոցական այգիների զարգացումը: Դրա նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և բույսերի կիրառությունը, այլ նաև փոքր տարիքից երեխաների մոտ օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, նրանց ծանոթացնել հողի մշակման հիմունքներին։

Դեռևս այս տարվա ապրիլին մեկնարկած մրցույթին ՀՀ 10 մարզերից մասնակցելու հայտ է ներկայացրել 49 դպրոց, սակայն ստացվել է նախագծերի 20 փաթեթ։

Հաղթողներն ընտրվել են՝ հաշվի առնելով մրցութային փաթեթների համապատասխանությունը մրցույթի հետևյալ չափանիշներին՝ այգու և բերքի որակ, ներգրավվածության մակարդակ (դպրոցականներ/ծնողներ/համայնք/գործարարներ կամ փորձագետներ), փաթեթի որակ, ինտերակտիվ ուսուցման մոտեցում, էկո սկզբունքների գործնական կիրառում։ Այս տարի մրցույթում նոր բաղադրիչ է ավելացել՝ դպրոցական այգին ստեղծել՝ ոգեշնչվելով դպրոցականների նկարած երազանքների այգիներից՝ այդպիսով խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը, շեշտելով դպրոցականների մոտ կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու կարևորությունը։

Հանձնաժողովի կազմում ներառվել էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից։ Ներկայացված 20 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել

  1. Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոց (Լոռու մարզ)
  2. Գեղարքունիքի միջնակարգ դպրոց (Գեղարքունիքի մարզ)
  3. Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց (Լոռու մարզ)

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակ, երկրորդ տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չիր պատրաստող սարք, իսկ երրորդ տեղը գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ, նախատեսված էր երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ կամ մրցույթին մասնակցում են ավելի քան 1 տարի նրանք կստանան խրախուսական նվերներ

  • խրախուսական մրցանակ 4-րդ տեղի համար՝ Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց,
  • խրախուսական մրցանակ 5-րդ տեղի համար՝ Մեղրաձորի Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց։

Հաղթողների պարգևատրումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին հաղթող՝ Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ հավաքվելու են կազմակերպիչները, պաշտոնյաները և մասնակից դպրոցները, այդ թվում՝ դպրոցականները՝ տոնելու մրցույթի ամփոփումը, ողջունելու ծրագրի բոլոր մասնակիցների մեծ աշխատանքը և շնորհավորելու հաղթողներին։

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ- ին։ Մասնակիցների՝ դպրոցականների, ուսուցիչների, ծնողների, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների դրական արձագանքը վկայել է ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Ուստի, կազմակերպիչները որոշել են մրցույթն ամենամյա ավանդույթ դարձնել՝ բարելավելով մասնակցության պայմանները և դպրոցների համար առավել գրավիչ դարձնելով մրցույթին մասնակցությունը։