ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովի մեկնարկին:
Համաժողովի շրջանակում ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում համախմբվել են՝ խթանելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝ ի նպաստ ՀՀ տնտեսության հետագա առաջընթացի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած այս համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին: Համաժողովի պատվավոր հյուրերի շարքում եղել են ականավոր գիտնականներ՝ նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնի անձինք:
Այս տարվա համաժողովի գլխավոր բանախոսը գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբն է, որը «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովի մասնակիցներին և կարևորել նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը:
Նախարարի խոսքով՝ այսօրինակ համաժողովները դառնում են հրաշալի հարթակ գաղափարներով կիսելու, կարևոր խնդիրների մասին քննարկումներ ունենալու, ինչպես նաև հասկանալու, թե գիտությունը և գործարարությունը ինչպես կարող են նպաստել հանրային խնդիրների լուծմանը:
«Մտքի զարգացման նախապայման է գիտության զարգացումը, որը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նախորդ տարիների համեմատ ավելի քան 150 տոկոսով ավելացել է գիտության ֆինանսավորումը, որի արդյունքներն արդեն ակնհայտ են: Շարունակական աշխատանք է տարվում գիտաշխատողների վարձատրության բարձրացման ուղղությամբ, որն ամենակարևոր խթաններից մեկն է՝ երիտասարդներին մղելու զբաղվել գիտությամբ՝ այն դարձնելով առավել գրավիչ, մրցունակ և հետաքրքիր»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ հունվարից ավելի քան 170 տոկոսով բարձրանալու է գիտաշխատողների աշխատավարձը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ նոր դրամաշնորհային ծրագրեր են սկսվել միանգամից մի քանի ուղղություններով, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում. դրամաշնորհների շահառուների 70 տոկոսը մինչև 35 տարեկան գիտնականներ են:
Նախարարը փաստել է՝ կարևոր ծրագրեր են իրականացվում նաև Սփյուռքի հայազգի գիտնականների համար, որոնք հնարավորություն ունեն տեղի գիտնականների հետ աշխատելու հետաքրքիր և նորարար լուծումների ուղղությամբ, և արդեն իսկ կան առաջին արդյունքները:
«Առանձին ու մեծ ներդրումների ուղղություն է գիտական սարքավորումների և ենթակառուցվածքների զարգացումը, որտեղ նույնպես էական քայլել են արվել: Այս տարի ավելի քան 4,2 միլիարդ դրամ ուղղվել է այս նպատակին, և թվերը շարունակաբար աճելու են: Այս ամենը նաև պատասխանատվություն է՝ մտածելու, թե ո՞րն է այդ գիտության արդյունքը, որի համար արվում են ներդրումները, ինչպիսի՞ն է դրանց հանրային ազդեցությունը հատկապես տնտեսության զարգացման վրա, ինչպե՞ս պետք է այս երկու ոլորտներն աշխատեն համատեղ և ինչպիսի՞ արդյունք է տան՝ մեր հանրության առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար: Այս հարցերի շուրջ միանգամից պատասխաններ գտնելը բարդ է, և ես հուսով եմ, որ այս օրերի ընթացում կունենանք քննարկումներ, որոնք հիմք կդառնան մեր հետագա աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առանձնահատուկ կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում:
«Այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին ու հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի մտքերի բախման շնորհիվ ավելի լավ հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն մեր բոլորի ջանքերը՝ ունենալու այնպիսի ընկերություններ, որոնք իրենց բնույթով կլինեն գիտելիքահեն, կարտադրեն ու կվաճառեն յուրօրինակ ապրանքներ, որոնք արտահանվում են ամբողջ աշխարհով մեկ»,- նշել է Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքն աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու ներդրումների վրա հիմնված տնտեսական աճն է:
Նշենք, որ համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ: