ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Նախարարը նաև հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել և դպրոցականների շրջանում ֆուտբոլի տարածման ծրագրերի մասին պատմել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Մրցաշարին ներկա են եղել նաև Արմավիրի, Շիրակի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

2023 թվականին մրցաշարը մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցել. մասնակցել է 429 դպրոց, գրանցվել 759 թիմ, 8200 աշակերտ ներգրավված եղել ծրագրում: Այս ծրագրին մասնակցողները ՀՖՖ-ի պրոֆեսիոնալ մրցումներին չմասնակցող, պրոֆեսիոնալ ֆուտբոլով չզբաղվող աշակերտներ են:

Արմեն Մելիքբեկյանը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել համայնքներում խաղադաշտերի կառուցումից հետո, և հետաքրքրությունը կտրուկ մեծացել է: Իր հերթին ԿԳՄՍ նախարարը նկատել է՝ կարևորը հաղթանակը չէ, այլ այն փաստը, որ երեխաները ֆուտբոլ են խաղում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ մարզերը և դպրոցները ևս նախաձեռնողականություն ցուցաբերեն ծրագրին ներգրավվելու հարցում:

ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են ծրագրի շրջանակում ՀՖՖ-ի գործունեությունը և դրա իրականացման ընթացքում ծագող խնդիրները:

Մինչև 10 տարեկանների պայքարում եզրափակիչ են հասել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Տավուշի մարզի Կողբ գյուղի դպրոցների թիմերը: Մ12 տարեկանների եզրափակչում էին Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 դպրոցն ու Արմավիրի մարզի Այգեվանի դպրոցի թիմը: Մ14 տարեկանների պայքարում եզրափակիչ հասել էին Շիրակի Սառնաղբյուր գյուղի և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 դպրոցների թիմերը:

Մ10 տարեկանների պայքարում հաղթող է դարձել Կողբի դպրոցի թիմը, Մ12 և Մ14-երի պայքարում՝ Արմավիրի մարզի թիմերը:

Նշենք, որ «Ֆուտբոլի դպրոցականների գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում: Ծրագիրը, որի նպատակն է դպրոցներում ֆուտբոլի ներդրումը, բաղկացած է երկու մասից. տարեսկզբին ՀՖՖ-ն կրթական ծրագրի շրջանակում կազմակերպում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական դասընթաց, որից հետո ուսուցիչները «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում կիրառում են ֆուտբոլային պարզ շարժախաղեր և այլն: Դպրոցները, որոնց ֆիզկուլտուրայի ուսուցիչները ներգրավվում են ծրագրին, ֆուտբոլային մարզագույք են ստանում ՀՖՖ-ի կողմից: Դասընթացի շրջանակում վերապատրաստվել է շուրջ 635 ուսուցիչ, ծրագրին մասնակցել մոտ 526 դպրոց: Ծրագրի ամփոփումը ֆուտբոլային թիմերի ձևավորումն է դպրոցներում, որոնք էլ աշնանը մասնակցում են ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկությանը: