ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվության և նախաձեռնողականության համար՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ նիստերի օրակարգը մի քանի անգամ ձևավորվել է հենց խորհրդի անդամների առաջարկով. «Հասարակական խորհուրդն արդյունավետ կարող է գործել միայն այն պարագայում, երբ տեղի է ունենում բազմակողմ գործընթաց, և յուրաքանչյուրի ներկայացրած հարցը կարող է քննարկման առիթ դառնալ: Միայն համատեղ աշխատանքի և խորհրդի անդամների առաջարկների միջոցով կարելի է բարելավվել իրականացվող գործընթացների արդյունավետությունը»,- նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հասարակական խորհրդին, որն այս կազմով անցկացնում էր իր վերջին նիստը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս անգամ որոշում է կայացվել նիստի օրակարգում ներառել այս պահին հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության, մշակութային և այլ իրավունքների ապահովման խնդիրների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերից բացի՝ անհրաժեշտ է ունենալ նաև երկարաժամկետ ծրագրեր՝ ակնկալելով այս հարցում խորհրդի անդամների կողմից ներկայացվող առաջարկները: «Ուսանողների մասով աջակցության ծրագրերը սահմանված են այս ուսումնական տարվա համար, և ներկայում մենք փորձում ենք գտնել ամենաարդյունավետ եղանակը՝ այդ աջակցությունը շարունակելու ուսումնական հաջորդ տարիների համար՝ միաժամանակ խթանելով լավ սովորելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանված ուսուցիչների աջակցությանը, և ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները ճիշտ հասցեագրելու կարիք կա:

Նախարարն առանձնակի կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաև վանդալիզմի գրանցված դեպքերը:

«Այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ արվում են՝ հատկապես տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց կարող են լինել նաև այլ առաջարկներ՝ լրացուցիչ գործիքակազմի կիրառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հասարակական խորհրդի կազմում կան նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարևորում եմ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հարցը. նույնիսկ կարող է լինել առաջարկ՝ ամբողջական փաթեթ պատրաստել Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրա վտանգման իրական աստիճանը և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հատուկ պաշտպանության տակ առնելու որոշակի միջազգային միջոցներ փնտրելը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունը և նրանց ներուժի օգտագործումը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը՝ նշելով, որ այնտեղ տեղադրվել են բոլոր մարզերում առկա թափուր հաստիքները: Ըստ Թամարա Սարգսյանի՝ ներդրված մեխանիզմը գործում է պարզ սկզբունքով. ուսուցիչներից ակնկալվում է միայն առաջնային տեղեկատվություն գրանցել իրենց մասին. «Այդ պարզ տեղեկատվության միջոցով ուսուցիչները կարողանում են հարթակում գրանցվել և ընտրել այն բնակավայրն ու դպրոցը, որտեղ ցանկանում են աշխատել: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ շատ մարդկանց համար այն դարձել է նաև բնակության վայր ընտրելու ուղենիշ, որովհետև այդ որոշումը կայացնելու գործոններից մեկն աշխատանք գտնելն է»: Ըստ վարչության պետի՝ հարթակը գործարկվել է հոկտեմբերի կեսերից, և արդեն 153 ուսուցիչ դիմել և սկսել է աշխատել: «Աջակցության ծրագրի էությունը կայանում է նրանում, որ բացի աշխատավարձից՝ ուսուցիչները ունենում են նաև 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ համայնքներում՝ նաև 50 հազար դրամ լրավճար ստանում: «Մենք տարեվերջին կամփոփենք ամբողջական տվյալները, և կարծում եմ՝ ավելի լավ պատկեր կունենանք այն մասով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է կարողացել կրթության ոլորտում ներգրավվել»,- նշել է Թամարա Սարգսյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ Հայոցյանի՝ մինչև Կառավարության համապատասխան որոշումը՝ նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում՝ անգամ որևէ փաստաթուղթ չունենալու դեպքում. Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: «Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում՝ տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների ևս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այժմ այս մասով Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի նրանց վարձավճարներն էլ փոխհատուցվեն, իսկ մյուս խումբը վճարովի համակարգում սովորող ԼՂ այն քաղաքացիներն են, որոնք մինչև բռնի տեղահանումը սովորել են ՀՀ բուհերում, և ներկայում նրանց ընտանիքները հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Այդ հարցով համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ որոշակի լուծումներ գտնելու նպատակով»,-նշել է նա:

Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների կրթության և նոր չափորոշչով տպագրված դասագրքերի ապահովմանը, ուսուցիչների աշխատավարձերին և հավելավճարներին, ՏՄԱԿ-ի պայմաններին և այլն:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որն իրականացվում է երկու տարին մեկ անգամ: