Հեռուստատեսության հարգարժա՛ն աշխատակիցներ,

ՀՀ կառավարության որոշմամբ արդեն մեկ տարի է՝ նոյեմբերի 29-ը նշվում է որպես Հեռուստատեսության աշխատողի օր՝ ի նշանավորումն հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակման:

Սա կարևոր քայլ էր՝ վերահաստատելու պետության վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքի նկատմամբ, արժևորելու և գնահատելու ձեր ամենօրյա ջանքերը՝ ուղղված հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ազատ խոսքի գաղափարի կարևորմանը:

Նոր ժամանակների մարտահրավերներն իրենց հետ բերում են նաև նոր լուծումներ, ու այդ ճանապարհին անչափ կարևոր է ապահովել փաստերի վրա հիմնված, վստահելի աղբյուրներից ճշտված տեղեկատվական հոսքեր` որպես հակակշիռ ապատեղեկատվությանը, որն այսօր մտահոգիչ ծավալների է հասնում։

Այդ կարևոր առաքելության իրականացմանը զուգահեռ՝ մնայուն արժեքների խրախուսումը, մշակույթի, կրթության, սպորտի և գիտական նվաճումների հանրահռչակումը հեռուստատեսության առաջնային և գլխավոր դերերից է։ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է այդ արժեքների ստեղծողը, կրողը, տարածողն ու հանրայնացնողը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ցանկանում եմ ընդգծել՝ ոլորտային բարեփոխումների այս փուլում Հանրային հեռուստատեսությունը մեր ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Մեր անմիջական համագործակցությամբ ու շարունակական աշխատանքով լայն հասարակությանը մանրամասն ներկայացվում են այն առաջնային փոփոխություններն ու իրադարձությունները, որոնք իրականացվում են պետական քաղաքականությամբ և անմիջականորեն առնչվում են հասարակության տարբեր շերտերին:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Ձեր նվիրական և ստեղծագործ աշխատանքում մաղթում եմ բազում վերելքներ, անսպառ եռանդ և մեծ լսարան: