ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը:
Կանոնակարգով սահմանվել են վերոնշյալ կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները:
Ատեստավորումը ստեղծագործական գործունեության շարունակական կատարելագործման գործընթաց է: Այն նպաստում է խմբերի մասնագիտական ստեղծագործական խնդիրների արդյունավետ լուծմանը, ստեղծագործական անձնակազմի որակական մակարդակի բարձրացմանը և կադրային հոսունության կառավարմանը, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի վարձատրության քաղաքականության իրականացմանը:
Ատեստավորման գործընթացը կազմակերպվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացվող քննությունների միջոցով` ստեղծագործողի պրոֆեսիոնալիզմի, կատարողական վարպետության և բեմական տվյալների օբյեկտիվ գնահատականի հիման վրա:
Կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը բաղկացած է առնվազն 7 անդամից: Հանձնաժողովն ի պաշտոնե նախագահում է կազմակերպության գեղարվեստական ղեկավարը (գլխավոր դիրիժորը): Եթե նշյալ կազմակերպությունը գեղարվեստական ղեկավար կամ վերջինիս փոխարինող չունի, ապա հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի այն անդամը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի անվանի արվեստագետ և ունի աշխատանքի երկարամյա փորձ: Ելնելով կազմակերպության ոլորտային ուղղվածությունից՝ հանձնաժողովի անդամներ կարող են հանդիսանալ ստեղծագործական խմբերի ղեկավարները, ոլորտի ճանաչված մասնագետները, ոլորտի մասնագիտացված բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:
Քննության արդյունքում հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2) ենթակա է ելույթավճարի բարձրացման,
3) ենթակա է ելույթավճարի իջեցման,
4) չի համապատասխանում:
Հանձնաժողովի որոշման հիման վրա կազմակերպության տնօրենը հրամանով հաստատում է աշխատողի ատեստավորման արդյունքը և սահմանում աշխատողի վարձատրության չափը։ Աշխատողի վարձատրությունը ձևավորվում է կազմակերպության հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից և ելույթավճարից: Ատեստավորման արդյունքների հիման վրա ստեղծագործական անձնակազմի աշխատակցի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ hանձնաժողովի կայացրած որոշման դեպքում կարող է քննարկվել աշխատակցի հետագա ստեղծագործական գործունեության մեջ ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ելույթավճարի խմբի հարցը:
Ելույթավճարները սահմանվում են՝ ըստ ներկայացված թատերահամերգային ծրագրերի, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվածության՝ կազմակերպության ֆինանսական հնարավորությունների հիման վրա: Ստեղծագործական անձնակազմի այն աշխատողների դրույքաչափերը, որոնց համար նախատեսված չէ ատեստավորում, սահմանվում են հարցազրույցի հիման վրա՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումը և աշխատանքի փորձը: Կազմակերպության կողմից հրավիրյալ արվեստագետ (երաժիշտ, մենակատար, դիրիժոր, դերասան, ռեժիսոր և այլ) ներգրավելու պարագայում վերջինիս ելույթավճարը սահմանվում է կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:
Զբաղեցրած պաշտոնին (հաստիքին) աշխատողի անհամապատասխանության հիմքով կազմակերպության տնօրենը կայացնում է աշխատանքից ազատելու որոշում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: