2023-2024 ուստարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն»–ին դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3–ը ներառյալ։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Եզրափակիչ փուլում կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին արժանացած, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի անհատական կամ հետազոտական խմբերի կողմից ներկայացված նախագծերը /առավելագույնը 2 աշակերտ/ հնարավորություն կստանան մասնակցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում (TX at the Kay Bailey Hutchinson Convention Center) կազմակերպվող «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի միջոցառման տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել assf@hesc.am էլ. հասցեին՝ նշելով ուսհաստատության անվանումը և նամակի թեման։