ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային:

Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և դրանց պատմական կարևորությունը:

Ասոցիացիան իր կազմում ընդգրկում է Եվրոպայի ավելի քան 150 նշանակալի գերեզմանոցներ՝ ամուր դաշինք ստեղծելելով բազմաթիվ եվրոպական մշակութային և հուշարձանապահպան կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային Հայաստանն անդամակցում է Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով, որը լայն հեռանկարներ է բացում հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման, զբոսաշրջային երթուղիների ընդլայնման և միջազգայնացման համատեքստում:

Նշենք, որ Հայաստանը 2015 թ. «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմի», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին: