ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-26-ը կայացել է առաջին երիտասարդական էքսպոն՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» խորագրով։

Եռօրյա միջոցառման բովանդակությունը մշակվել է երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Հատկապես կարևոր ներդրում են ունեցել 2023 թ երիտասարդական մայրաքաղաք Մեծամորի երիտասարդները։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։

«Յուրաքանչյուր երկրի համար կենսական ձեռքբերում է իր երիտասարդության կայուն ապագայի ապահովումը: Այս էքսպոն լավ հարթակ է երիտասարդների, քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև կառուցողական երկխոսության համար: Այս ծրագրով նախատեսված գործողությունները լիովին համահունչ են երիտասարդների համար պետության որդեգրած քաղաքականությանը: Սա ևս աջակցելու է երիտասարդների ինքնիրացմանն ու զարգացմանը՝ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացման հարթակ և նպաստելով դրանց կյանքի կոչմանը, ոչ ֆորմալ գործիքակազմով տարբեր հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև իրազեկելով երիտասարդներին տարատեսակ հնարավորությունների մասին»,- նշել է Զարա Ասլանյանը՝ հորդորելով երիտասարդներին լինել նախաձեռնող և համառ, օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք նոր շրջադարձեր կբերեն իրենց կյանք:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթն իր հերթին նշել է՝ այսպիսի միջոցառումները կարող են նպաստել, որպեսզի երիտասարդներն ապրեն առողջ, արդյունավետ և ներգրավված կյանքով, եթե նրանց հասանելի լինեն բարձրորակ տեղեկատվություն, անվտանգ ծառայություններ և առավել բարձր կենսամակարդակի հնարավորություններ:

Էքսպոյի ընթացքում ՀՀ մարզերի և Երևանի մոտ 40 հասարակական կազմակերպություններ ներկայացրել են երիտասարդներին ուղղված իրենց ծրագրերն ու ծառայությունները։ Տեղի են ունեցել նաև երիտասարդների զարգացման հայեցակարգին վերաբերող գիտելիքների և հմտությունների զարգացման թեմատիկ աշխատարաններ, պանելային քննարկումներ և լսարանի ներգրավվածությամբ թատերական ներկայացում: Դրանց ընթացքում երիտասարդներն ու ոլորտի մասնագետները հասցեագրել են երիտասարդների խնդիրները, հնարավոր լուծումներն ու ակնկալիքները։

Միջոցառումներին մասնակցել են 200-ից ավելի երիտասարդներ Երևանից, Մեծամորից, Արմավիրից, Գյումրիից, Եղվարդից, Ոսկեպարից, Բաղանիսից և Կողբից՝ թե՛ որպես երիտասարդների զարգացման հայեցակարգի թեմաներին վերաբերող քննարկումների ու աշխատարանների խոսնակներ և մասնակիցներ, թե՛ որպես կամավորներ:

Նշենք, որ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի գլխավորած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։