ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթ՝ ուղղված գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանը:

Որպես խմբի ղեկավար՝ մրցույթին կարող են դիմել կանայք, ովքեր ծնվել են 1969 թ. հունվարի 1-ից հետո, ունեն գիտական աստիճան, գիտական կազմակերպությունում կամ բուհում չեն զբաղեցնում ղեկավար պաշտոն (գիտական խմբի, լաբորատորիայի (բաժնի) կամ ամբիոնի վարիչ և այլ ավելի բարձր պաշտոններ), ինչպես նաև ունեն մրցույթի պայմաններով սահմանված բավարար թվով հրապարակումներ:

Եթե խմբի ղեկավարը ներառված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում, ապա հայտը պետք է ներկայացնի այդ կազմակերպությունից։

Մրցույթին կարող են ներկայացվել ՀՀ պետական գիտական կազմակերպություններում կամ բուհերում իրականացվող 36 ամիս տևողությամբ հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։

Խմբի անդամները, այդ թվում՝ խմբի ղեկավարը կարող են լինել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվեն ՀՀ-ում: Խումբը պետք է ունենա արտասահմանյան գործընկեր (Foreign Partner; Collaborator):

Եռամյա նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝ 5 անդամից բաղկացած խմբի համար` 45, 4 անդամից բաղկացած խմբի համար` 37,8, իսկ 3 անդամից բաղկացած խմբի համար` 30,6 միլիոն դրամ:

Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը կարող է լինել մինչև 200.0 հազար ՀՀ դրամ: Նախահաշվով մինչև 9 միլիոն դրամ կարող է նախատեսվել գիտական սարքավորումների, հետազոտությունների ընթացքում օգտագործվող նյութերի կամ ծառայությունների ձեռքբերման և գործուղումների համար: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թ. հունվարի 5-ն է: Մրցույթի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար դեկտեմբերի 18-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում:

Կանանց ղեկավարությամբ գիտական նախագծերի իրականացմանն ուղղված մրցույթ հայտարարվում է երկրորդ անգամ: Առաջին մրցույթի արդյունքում ընտրված թեմաների ֆինանսավորումը շուտով կավարտվի:

Մրցույթի հրավերի փաթեթը: