ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը:

Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ բնագավառներով.

  • Artificial Intelligence and Data Science (Արհեստական բանականություն և տվյալագիտություն)
  • Quantum technologies (Քվանտային տեխնոլոգիաներ)
  • Robotics (Ռոբոտատեխնիկա)
  • Biotechnology and Human Enhancement (Կենսատեխնոլոգիա և մարդու լավարկում)
  • Material science(Նյութագիտություն)
  • Green deal (Կանաչ գործարք)

Խմբի ղեկավար կարող է լինել 1953 թ. հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և հրավերով պահանջվող հրապարակումներ ունեցող անձ, իսկ խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1988 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ

Խումբը պետք է ունենա նաև արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող, գիտական աստիճան և առնվազն 15 h-index ունեցող արտասահմանյան գործընկեր, որը պետք է նախագծի իրականացման ընթացքում առնվազն 15 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ ընդունել խմբի անդամներին իր գիտական կազմակերպությունում։

Եթե խմբի ղեկավարը ներառված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ որևէ ծրագրում, ապա հայտը պետք է ներկայացնի այդ կազմակերպությունից։

Ֆինանսավորման առավելագույն չափը 36 ամսվա համար կազմում է մինչև 54, 45 և 36 միլիոն դրամ՝ համապատասխանաբար 5, 4 և 3 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերի համար: Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը սահմանվել է մինչև 250 հազար դրամ:

Մրցույթի վերաբերյալ հարցերին պատասխանելու նպատակով դեկտեմբերի 14-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22) կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում (Info Day):

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել grants.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. հունվարի 5-ը:

Թղթային տարբերակով Կոմիտե ներկայացվող փաստաթղթերի վերջնաժամկետը 2024 թ. հունվարի 12-ն է:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)