Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և խմբի համակարգող, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը:

Նախքան հանդիպման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հիշատակը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում 2023 թ. իրականացված աշխատանքները և 2024 թ. նախատեսվելիք ծրագրային նախաձեռնությունները, քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոն ամենամյա խորհրդաժողովների կազմակերպման և փոխհամագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների համար աջակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:

«ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու աշխուժացումն ի սկզբանե եղել են այս համակարգող խմբի ստեղծման նպատակը: Սա խոսում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի հանդեպ ուշադրության մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացին՝ համագործակցության և աջակցության համար:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ Ֆրանոֆոնիայի աշխատանքները համակարգող խմբում ներգրավվելն իր համար մեծ պատիվ է. «Հայաստանը վաղուց մեծ ներդրում ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ: Ընդ որում՝ այդ ներդրումը շատ ավելի մեծ է, քան երկրի չափերն են: Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ համաշխարհային արժեքներին կարելի է հասնել փոխադարձ հարստացմամբ: Այս տարի շատ տպավորված էի այն բոլոր միջոցառումներով, որոնք Հայաստանը շուրջ երկու ամիս կազմակերպել էր Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ»,- ասել է դեսպան Լուկաս Ռոզենկրացը և տեղեկացրել, որ Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակն ընդլայնվել է Բելգիայի և Կանադայի դեսպանների ներկայացուցչությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակի ընդլայնումը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացմանը:

Նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Ըստ այդմ՝ 2024 թվականին նախատեսվում են մի շարք նշանակալի միջոցառումներ հենց այս հոբելյանների շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել, որի նպատակով վերջերս Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կներկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:

«Նախապատրասվում ենք Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելուն և վստահ ենք՝ դա էականորեն կնպաստի ֆրանկոֆոն արժեքների տարածմանը մեր երկրում: Այդ ընտանիքին պատկանելու զգացումը և այդ արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Ֆրանկոֆոն երկրների հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները ներկայացրել են ԿԳՄՍՆ բովանդակային վարչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների անդամ երկրների դեսպաններն ու ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչները ևս ամփոփիչ դիտարկումներ են ներկայացրել 2023 թվականին իրականացված միջոցառումների և սպասվելիք ծրագրերի վերաբերյալ: