Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 26-ից կգործի «Դրամը Հայաստանում ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։

Ցուցադրությունում ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից մի խումբ, այդ թվում՝ ՀՀ ազգային արժույթի ստեղծման մասին պատմող երբևէ չցուցադրված բացառիկ նմուշներ, ինչպես նաև ազգագրական նյութեր, որոնք վկայում են դրամի կիրառման այլ եղանակների մասին։

Ցուցադրված ավելի քան 400 նմուշները պատկերացում են տալիս հին, միջնադարյան և նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների, ինչպես նաև զանազան նվաճողների կողմից հայկական քաղաքներում թողարկված և պատերազմական գործողությունների հետևանքով կամ առևտրական ճանապարհներով Հայաստան ներթափանցած օտարերկրյա դրամների մասին։

Ցուցադրությունում տեղ են գտել բացառիկ նմուշներ ՀՀ Կենտրոնական բանկի հավաքածուից։ Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։