ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով Սյուզաննա Ռադվանին, կարևորել է կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շարունակությունը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությունն առավել խորացնելու լայն օրակարգ ունի, որին էլ միտված են Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության ընդլայնմանն ուղղված քայլերը: Փոխնախարարը նշել է կենտրոնն ապագայում լեզվի ինստիտուտ դարձնելու մտադրության մասին:

Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է ինստիտուտի արդյունավետ փորձը հատկապես հանրակրթության ոլորտում՝ կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման իրականացումը:

Հանդիպման քննարկման առանցքում է նաև եղել ինստիտուտի և ՀՀ դպրոցների համագործակցության զարգացման հարցը. կարևորվել են ուսուցիչների և աշակերտների փոխանակման, գերմաներենի իմացության ու կրթական համատեղ ծրագրերի իրականացման ուղիները:

Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար: Նա ներկայացրել է Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ առանձնահատուկ շեշտել «Լեզուն մշակույթի մեջ» ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով (առկա և հեռավար) գերմաներենի ուսուցման խորացումը Հայաստանի դպրոցներում, Երևանում և մարզերում գերմաներեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները: Վերապատրաստման անվճար դասընթացների շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան հանձնելու B2 մակարդակի քննություններ և ստանալու հավաստագրեր:

Սյուզաննա Ռադվանը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում գերմաներենի գրավչության բարձրացմանը։ Նա կարևորել է նաև համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա», «Էրազմուս+» և այլ ծրագրերի շրջանակում:

Արթուր Մարտիրոսյանը ու Սյուզաննա Ռադվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: