ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզի Թալին և Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներ՝ ծանոթանալու մշակութային, երիտասարդական խնդիրներին:

Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ղեկավարների, մշակույթի, երիտասարդության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ են կազմակերպվել համայնքային մշակութային պալատներ և գրադարաններ։

Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել նշյալ համայնքներում երիտասարդների ինքնաիրացման հնարավորությունների ընդլայնմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, ընթերցանության խրախուսմանը միտված քննարկումներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է համայնքներում գործող մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների, գործող մշակութային խմբակների, գրադարանային ֆոնդի, երիտասարդական կառույցների կարգավիճակով։ Մատնանշվել են ԿԳՄՍՆ-ի, համայնքի և մասնավոր ոլորտի ներգրավմամբ եռակողմ համագործակցության հեռանկարները՝ համայնքներում մշակութային և երիտասարդական կյանքի՝ որակապես բարելավման նպատակադրմամբ։

Անդրադառնալով մարզերում և համայնքներում մշակութային կյանքի զարգացմանը և երիտասարդներին դիտարկելով որպես դրան խթանող առաջնային օղակ՝ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Մեր նպատակն է գործող մշակութային ենթակառուցվածքների հիման վրա մարզային համայնքներում ձևավորել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր, մշակութային կյանքը հագեցնել բովանդակությամբ։ Այս միջավայրի կոնցեպտի մեջ կարող են ներառվել գրադարանային արդիականացված ռեսուրսները, որպեսզի այն հանդիսանա համայնքի երիտասարդության և ողջ բնակչության համար նախընտրելի միջավայր»:

Մշակութային նոր միջավայրերի ստեղծման համար նախանշվել է քաղաքների ենթակառուցվածքային, աշխարհագրական, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Համայնքներում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են մշակութային հաստատությունների գործունեությունը և դրանցում երիտասարդների մասնակցությունը: