ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին:

Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում էր Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգի հիմնական բաղադրիչների քննարկումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՄԿՈՒ հասանելիության և գրավչության վրա:

Աշխատաժողովին ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ, Թուրինյան գործընթացի ազգային համակարգող Արմենուհի Պողոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ, մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ Ֆրանկ Հեսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագետներ և այլք: Նիստը վարել է ԵԿՀ մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ, Հայաստանի հետ կապերի պատասխանատու Կրիստիանա Բուրցիոն:

Բարձր գնահատելով ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Եվրոպական միությունը 2007 թվականից սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ և հանդիսանում ՄԿՈՒ ոլորտում կարևոր դերակատարներից ու աջակիցներից մեկը:

«ԵՄ-ի աջակցության շրջանակում հարկ է ընդգծել Եվրոպական կրթական հիմնադրամի դերը, որը երկար տարիներ ընդգրկված է եղել Հայաստանի ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներում՝ տվյալների և տեղեկությունների հավաքագրման, զարգացման, գերակայությունների որոշարկման գործում խորհրդատվության տրամադրման և կարողությունների զարգացման միջոցով», - ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԵԿՀ-ի կարևորագույն քայլերից է 2010 թվականից առ այսօր «Թուրինի գործընթաց» նախագծի ձեռնարկումը: «Մեծ է Թուրինի գործընթացի նշանակությունը Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բարեփոխումների հակիրճ, փաստագրված վերլուծության, այդ թվում՝ քաղաքականության առանցքային ուղղությունների, մարտահրավերների, սահմանափակումների, ինչպես նաև լավագույն փորձի ու հնարավորությունների որոշարկման հարցում», - ավելացրել է Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնորոշմամբ՝ Թուրինյան գործընթացն առաջնորդող ուղեցույց է, որը որոշում է մեր երկրում մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների գործընթացի վեկտորը: Արթուր Մարտիրոսյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ արտացոլված հիմնական ուղենիշներն ամբողջովին արտահայտում են Թուրինյան գործընթացի տրամաբանությունը:

ԵՄ պատվիրակության անդամ Ֆրանկ Հեսը, անդրադառնալով ցկյանս ուսումնառության հայեցակարգին, կարևորել է դասավանդման մոտեցումները փոխելու անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է այն, ինչ անում է ԵԿՀ-ն. նրանք շեշտը դնում են ապացուցահեն կրթության վրա: Մենք պետք է վերացնենք այն խոչընդոտները, որ կան ՄԿՈՒ ոլորտում, և Հայաստանն ակտիվ մասնակից է այս գործընթացում», - ասել է Ֆրանկ Հեսը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանի մասնակցությունը Թուրինյան գործընթացին, շեշտել է, որ ԱՍՀ և ԿԳՄՍ նախարարություններն ընդհանուր խնդիր ունեն աշխատաշուկայում մի դեպքում աշխատանքի, մյուս դեպքում՝ կրթության տեսանկյունից: «Այս համագործակցությունը կապահովի կրթություն-աշխատաշուկա կապը: Խոսքը բավականին արդիական ոլորտի՝ ՄԿՈՒ-ի մասին է: Վստահ եմ՝ աշխատանքներն արդյունավետ կլինեն, և դա կչափվի մոտակա 5 տարիների արդյունքներով, երբ մենք այլևս չենք քննարկի աշխատաշուկայի և կրթության միջև կապի որակի հարցերը, այլ կունենանք հստակ գործող մեխանիզմ», - հույս է հայտնել ԱՍՀ նախարարի տեղակալը:

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյան խոսքով՝ Թուրինյան գործընթացն այն լավագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս խզելու աշխատաշուկայի և կրթության միջև շեղումը: «Հայաստանում այժմ բավականին լուրջ բարեփոխումների փուլում ենք: Կառավարությունն արդեն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողով ներկայացնելու որոշումը: Այս օրենքն արմատական փոփոխություններ է նախատեսում ոլորտում, որոնք մեզ թույլ են տալու աշխատաշուկան ապահովել որակյալ մասնագետներով և նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է Արմենուհի Պողոսյանը: Լինելով Թուրինյան գործընթացի ազգային համակարգողը՝ Արմենուհի Պողոսյանը ներկաներին նաև տեղեկացրել է աշխատաժողովի՝ Հայաստանում կազմակերպման մանրամասները:

Աշխատաժողովի հետագա ընթացքում ԵԿՀ փորձագետ Աբդելազիզ Ջոհանին ներկաներին շնորհանդեսի տեսքով ցուցադրել է Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի մշտադիտարկման արդյունքներն ու ստացված ցուցանիշները և ամփոփ ներկայացրել է Թուրինյան գործընթացի հայեցակարգը:

Շնորհանդեսին հաջորդել են աշխատանքային խմբերով քննարկումներն ու տարբեր առաջարկների ներկայացումները և դիտարկումները: