Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փակ ցուցադրությամբ օրերս ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացված STARMUS VI միջազգային գիտական փառատոնի մասին պատմող ֆիլմը։

Ֆիլմն ամփոփում է այն բոլոր էմոցիաները, գույներն ու մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվել են ՀՀ բուհերում, Մարզահամերգային համալիրում, Ազատության հրապարակում և մի շարք մարզային կառույցներում։

STARMUS-ի կողմից ապահովվել է փառատոնին ելույթով հանդես եկած Տավուշի թեմի Մանկապատանեկան երգչախմբի երեխաների ներկայությունը ֆիլմի երևանյան ցուցադրությանը՝ նրանց ոգեշնչելու հետագա ձեռքբերումների համար։

Երեխաներն անթաքույց հուզմունքով ու երջանկությամբ են դիտել ֆիլմը․ այն պատմում էր մեծ իրադարձության մասին, որի մաս են կազմել նաև իրենք մեկ տարի առաջ։ «Ես շատ էի ցանկանում, որ երեխաները տեսնեն, թե ինչ մեծ իրադարձության մաս են կազմել և ոգեշնչվեն հետագա նորանոր նվաճումների համար, գիտակցեն, որ հնարավոր է համատեղել երգարվեստը գիտության հետ», - նշել է STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, Գարիկ Իսրաելյանը։

Երեխաների խոսքով՝ իրենց ամենաշատը դուր են եկել այն հատվածները, երբ գիտնականները խոսում էին աստղերից և տիեզերքից։

«Ֆիլմը շատ մարդակենտրոն էր, ու մենք լիովին վերապրեցինք այն դրական հույզերը, որոնք պարուրել էին բոլորիս մեկ տարի առաջ։ Դա իսկապես մեծ պատասխանատվություն էր ելույթ ունենալ 7000 հանդիսատեսով դահլիճում, և ֆիլմը դիտելուց հետո երեխաները նորից ցանկություն հայտնեցին՝ մոտ ապագայում նման մեծ լսարանի առջև ելույթ ունենալու։ Իսկապես, STARMUS-ը լուրջ ու անմոռանալի փորձառություն էր երեխաների համար», - նշել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանը։

Հիշեցնենք, որ ֆիլմի միջազգային ցուցադրություններ արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են Սլովակիայում, Չինաստանում, Իսպանիայում: Նախատեսված են ցուցադրություններ նաև այլ երկրներում։

Ֆիլմի պրոդյուսերներն են STARMUS փառատոնի հիմնադիրներ՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ЕММY մրցանակակիր ռեժիսոր Թոդ Դուգլաս Միլլերը։ Ֆիլմի այլ ցուցադրություններ հայաստանյան կինոթատրոններում կամ հեռուստաեթերով չեն նախատեսվում։

Հաջորդ՝ STARMUS VII փառատոնն անցկացվելու է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում 2024 թվականի մայիսի 12-17-ը, որը նույնպես խոստանում է իր հետքը թողնել համաշխարհային գիտամշակութային միջոցառումների շարքում։