ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները:

Արմենուհի Պողոսյանը հայտնել է, որ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող շուրջ 100 հաստատությունում այս պահի դրությամբ սովորում է ավելի քան 30 հազար ուսանող՝ չհաշված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Վարչության պետի խոսքով՝ նրանց կողմից դիմումների ստացումն ընթացքի մեջ է. այս պահին ավելացել է մոտ 1000 ուսանող, սակայն վերջնական տվյալները կամփոփվեն տարեվերջին:

«ՄԿՈՒ հաստատությունների պահանջվածության առումով վերջին տարիներին դրական դինամիկա կա: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա ընդունելությունը, մեկ-երկու մասնագիտությունների տարբերությամբ, աճել է, որոշ դեպքերում՝ պահպանվել»,- ասել է Արմենուհի Պողոսյանը՝ բացատրելով, որ դիմորդների քանակի տատանումները պայմանավորված են տարբեր հանգամանքներով, բայց ոլորտի նկատմամբ վերաբերմունքը վստահաբար փոխվել է:

Նրա խոսքով՝ դրական դինամիկայի պատճառներից մեկն աշխատաշուկայում մի շարք մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի մեծացումն է. «Շատ լուրջ ազդեցություն են ունեցել նաև իրականացվող բարեփոխումները և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը»:

Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտում պրակտիկ ուսուցման հետ կապված խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ներկայում ուսանողներն ավելի քիչ գործնական աշխատանքներ են կատարում և ավելի շատ լսարանային դասեր անցկացնում: «Այս ուղղությամբ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ ՄԿՈՒ համակարգում ներդրվել է դուալ ուսուցման համակարգը, ինչն իրենից ենթադրում է ուսուցում հենց աշխատավայրում», - ասել է Արմենուհի Պողոսյանը՝ ավելացնելով, որ շուրջ 20 հաստատություններում 24 մասնագիտության գծով իրականացվում է դուալ կրթություն: «Բոլորս շատ լավ գիտենք, որ գործատուին որակյալ կադր է պետք, իսկ դա հնարավոր է միայն համագործակցության միջոցով: Մեր ծրագրերի շրջանակում ներգրավված բոլոր գործատուներն իրենք են քաղում դուալ ուսուցման ձևի դրական արդյունքները: Նրանք տեսնում են, թե դա որքանով է նպաստում որակյալ աշխատուժի ստեղծմանը»,-նշել է Արմենուհի Պողոսյանը:

Վարչության պետն անդրադարձել է նաև օրերս Կառավարության նիստում հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծին, որը, ըստ բանախոսի, լիարժեք արտացոլում է այն բարեփոխումների ուղղությունները, որոնք ներառված և՛ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, և՛ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»:

«Միջին մասնագիտական ոլորտը տնտեսության հիմքն է: Այն հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն և արագ ուսուցման ձևերով ստանալ անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները և համալրել աշխատաշուկան: Նոր օրենքի նախագիծը ստեղծել է այն օրենսդրական հիմքերը, որոնցով հնարավոր կլինի ապահովել մեր տնտեսությունը մրցունակ և որակյալ կադրերով»,-նշել է նա:

ՄԿՈՒ վարչության պետի խոսքով՝ նոր օրենքի նախագծով անցում է արվում շատ կարևոր ձևաչափի, որը վերաբերում է և՛ բովանդակությանը, և՛ մասնավոր ոլորտի հետ համագործակցությանը: Ըստ վարչության պետի՝ լիցենզավորման մասով ուսհաստատությունների առջև դրվող պահանջներն ավելի խիստ են լինելու, որոնք նախևառաջ միտված են որակյալ կրթության ապահովմանը: Նախատեսվում է կենտրոնանալ գործնական ուսուցման միջավայրի ստեղծման և ապահովման վրա:

Ըստ Արմենուհի Պողոսյանի՝ նոր օրենքը հնարավորություն է տալու, որպեսզի պրակտիկ դասընթացների կազմակերպման հիմնական պատասխանատվությունը դրվի ուսհաստատության վրա: Ուսանողն էլ կարող է իր ուժերով գտնել հաստատություն, որտեղ կանցնի պրակտիկա, բայց պետք է եռակողմ համագործակցություն ապահովվի ուսհաստատության, ուսանողի և գործատուի միջև: Նոր նախագծով որպես ուղիղ պատասխանատու սահմանվելու են դասախոսը և արտադրությունում՝ հրահանգիչը, որը լինելու է ուսանողին միաժամանակ սովորել և աշխատել սովորեցնող անձը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն ամբողջովին նոր մոտեցում է նախատեսում՝ և՛ ուսման վարձի փոխհատուցման, և՛ դուալ ուսուցման պարագայում ուսանող-աշխատողին աշխատավարձի տրամադրման տեսանկյունից:

Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատությունների մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացման և խրախուսման մեխանիզմներին՝ Արմենուհի Պողոսյանը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտին համանման մի գործընթաց էլ այստեղ է ընթանում՝ ատեստավորում և տարակարգի շնորհում, որոնք կմեկնարկեն հաջորդ տարվանից: «Դրանք հանգեցնելու են և՛ մանկավարժների դրույքաչափի փոփոխմանը, և՛, համապատասխան միավորների դեպքում, հավելավճարների տրամադրմանը: Այս ծրագրերից այս պահին կարող են օգտվել հանրակրթական առարկաներ դասավանդողները, իսկ հաջորդ տարվանից, բնականաբար, փուլային կմեկնարկի գործընթացը մյուսների համար»:

Արմենուհի Պողոսյանը նշել է ևս մեկ կարևոր միջոցառման մասին՝ մասնավոր հատվածից դասախոսների ներգրավումը՝ որպես տվյալ ոլորտի առանցքային փորձագետներ:

Որպես ամփոփում՝ Արմենուհի Պողոսյանը տեղեկացրել է, որ գործադիրի կողմից հավանության արժանանալուց հետո հաջորդիվ սպասվում է օրենքի նախագծի ներկայացումն ԱԺ-ին, որը կուղեկցվի լրամշակումներով: Նա հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարվանից օրենքն ուժի մեջ կմտնի, որից հետո ակնկալվում են ավելի մեծ անելիքներ: