Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ երկամարտի 305 կգ արդյունքով։

Պոկում վարժությունում Սահակյանը գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողը և դարձել փոքր ոսկե մեդալակիր, իսկ հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ 165 կգ արդյունքով։

Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերին Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ էր նվաճել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում անցկացված մեծահասակների աշխարհի 88-րդ առաջնությունում։

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նախօրեին երիտասարդների ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էր նաև Ալեքսանդրա Գրիգորյանը: Նա 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ 171 կգ արդյունքով։

18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ Մարտին Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը: