Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարության և խորհրդարանի անդամներ:

Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:

Ֆիլմը ցուցադրվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն:

Հիշեցնենք՝ գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնն անցկացվել է 2022 թվականի սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է եղել Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:

Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-էմ) ռոբոտը։

«STARMUS VI» միջազգային փառատոնը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: