ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Հաջորդը՝ հիմա. համախմբվել, ուսանել, հզորանալ» խորագրով համաժողովը։ Այն կայացել է ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Արմենիա» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության համագործակցությամբ:
Համաժողովին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության՝ մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։
Համաժողովի մասնակիցներին առցանց ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Ողջունում եմ համաժողովի ներկաներին և մեր գործընկերներին այս կարևոր նախագծի առիթով։ Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված է մինչև 2026 թ․ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, որոնք էապես կխթանեն բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը։ Կարևորում եմ մեր համագործակցությունը «ՖաբԼաբ Արմենիա» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ, որը գալիս է լրացնելու ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր ավագ դպրոցները վերափոխվելու և դառնալու են ռեսուրս կենտրոններ»։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով. «Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց հանդիպելու ենք մենթոր դպրոցների հետ և արձանագրելու դրական արդյունք, որի հիման վրա էլ նախանշելու ենք մեր հետագա քայլերը»։
«Հաջորդը՝ հիմա. համախմբվել, ուսանել, հզորանալ» համաժողովով մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սերտ համագործակցությունը «ՖաբԼաբ Արմենիայի» և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության հետ։
«Լաբսթերը» վիրտուալ լաբորատորիաների դանիական ընկերություն է, որն առաջարկում է վիրտուալ լաբորատոր սիմուլյացիաներ՝ հիմնված մաթեմատիկական ալգորիթմների վրա: «Լաբսթերի» 100+ վիրտուալ լաբորատորիաների կատալոգը ներառում է կենսաբանության և քիմիայի վերաբերյալ տարբեր թեմաներ:
«Լաբսթերը» ստեղծում է վիրտուալ լաբորատորիաներ, որոնք նմանակում են իրական փորձերը՝ թույլ տալով սովորողներին կատարել փորձարկումներ և կիրառել գիտափորձերը թվային միջավայրում: Այս լաբորատորիաները նախատեսված են գործնական փորձեր կատարելու համար, որը հանդես է գալիս՝ ի լրումն ավանդական լաբորատոր աշխատանքի։ Այն ապահովում է մատչելիություն և ճկունություն, առարկաների բազմազան շրջանակ, հարմարվողական ուսուցում, համագործակցություն այլ ուսումնական հաստատությունների հետ և այլն։ ՖաբԼաբերը միավորում են ակադեմիական ծրագրերն ու գործնական փորձը իրական լաբորատորիայում և առցանց՝ վիրտուալ լաբորատորիաների, դասավանդման և ուսուցման կիրառումը:
Առաջիկայում նախատեսվում է կնքել փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Արմենիայի» և դանիական «Լաբսթեր» ընկերության միջև՝ ՀՀ-ում նոր հիբրիդային ուսումնական միջավայր ստեղծելու նպատակով:
Համագործակցության շրջանակում 2023-2024թթ․ ուստարվա համար նախատեսվում է վերապատրաստել 38 մենթոր դպրոցների՝ ամբողջական կատալոգով և անսահմանափակ թվով աշակերտներով. ուսուցումը կկազմակերպվի ամբողջ տարվա ընթացքում։
Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի համար։