Ամեն տարի աշնանը նշվում է Պարենի համաշխարհային օրը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել սովի խնդիրը և հանրայնացնել դրա դեմ պայքարի ահնրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել բոլորի համար առողջ սննդակարգ ապահովելու կենսական կարևորությունը:

Նոյեմբերի 13-17-ը Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, տարրական դասարանների աշակերտների համար անցկացրել են միջացառումների շարք՝ նվիրված Պարենի համաշխարհային օրվան:

Այս անգամ միջոցառումների առանցքում ջրի թեման էր՝ դրա կենսական նշանակության հանրայնացումը։ Ուսումնական արշավի նպատակն էր օգնել երեխաներին ճանաչել առողջ սննդակարգի նշանակությունը, գիտակցել բավականաչափ ջուր խմելու, հավասարակշռված, բազմաբազան սննդակարգի կարևորությունը, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ՝ ինքնուրույն ընտրելու առողջ ու սննդարար մթերքներ։

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Իսահակ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցում բեմադրվեց «Արամայիսի լեգենդները» ներկայացումը։ Այն հագեցած էր ինտերակտիվ տարրերով, ինչն օգնեց տարրական դասարանների աշակերտներին ավելի լավ յուրացնել թեման: Ներկայացման ընթացքում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի հավասարակշռությունը և ջրի օգտակարությունը մարմնի համար:

Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն ավելի վաղ էին մեկնարկել։ Նոյեմբերի 13-ին Բալահովիտի միջնակարգ դպրոցի տարրական դպրոցի աշակերտները մասնակցել են դասարանական ժամի՝ ջրի կարևորության մասին: Հետաքրքիր արկածային խաղի միջոցով երեխաները բացահայտել են ջրի դերը մարդու կյանքում և սովորել՝ ինչպես պահպանել այս թանկարժեք ռեսուրսը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը Հայաստանի բոլոր դպրոցներին հրավիրում է մասնակցելու այս արշավին` հետևյալ հղումով ներբեռնելով տեղեկատվական ամբողջ փաթեթը, որը ներառում է ինտերակտիվ դասարանական ժամի նյութ և 2 ներառական ներկայացումների սցենարներ: