Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։

Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կատարված ցավալի միջադեպը մեզ թույլ չի տալիս տոնական շնորհավորանքներով անդրադառնալ ուսանողների օրվան, սակայն օրվա խորհրդի ընդգծումը կարևոր է։

Սիրելի՛ ուսանողներ, ձեր առողջությունը մեզ համար ամենաթանկն է․ պետությունը բուհերի և կրթական համակարգի բոլոր շահակիցների առջև կրթության անվտանգության, անհրաժեշտ նորմերի պահպանման առաջնային պահանջ է դնում, որը հստակ շեշտադրված է մեր կողմից նախաձեռնված բարեփոխման բոլոր ծրագրերում։ Կրթական տարբեր մակարդակներում այսօր ակտիվորեն իրականացվող բարեփոխումները՝ սկսած բովանդակությունից մինչև ենթակառուցվածքների բարելավում, նպատակաուղղված են ձեր որակյալ կրթության ապահովմանը։

Հայաստանի բուհերն ու միջին մասնագիտական կրթական հաստատություններն այսօր համալրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներով, որոնք ևս Հայաստանի Հանրապետության անմիջական հոգածության ներքո են: Յուրաքանչյուրիս ջանքն ու ցանկությունը կարևոր են՝ մեր հայրենակիցներին օր առաջ ինտեգրելու, նրանց կրթական իրավունքը վերականգնելու և աջակցելու հարցում: Պետության կողմից նախատեսվող աջակցության ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար, լինելու են շարունակական։

Սիրելի՛ ուսանողներ, մենք պատրաստակամ ենք աջակցել ձեր նորարար նախաձեռնություններին, նպաստել, որ դեպի ձեր երազանքների իրականացում տանող ճանապարհը լինի հուսալի և լուսավոր։ Պետությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, որի իրագործումը մեր բարձրագույն կրթության համակարգը հասցնելու է նոր մակարդակի։

Բազմաթիվ ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, և ձեր համառ ջանքերի, մասնագիտության նկատմամբ սիրո, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ պետության հետ ձեռք ձեռքի կառուցելու ենք ամուր և զարգացող հասարակություն՝ դիմակայելով ծանր մարտահրավերներին։