Գորիսի պետական համալսարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին է՝ իրականացնում է անվճար մասնագիտական դասընթացների շարք։

Նպատակը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկվածության և ներգրավվածության բարձրացումն է։

Այս տարի «Հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով իրականացվող դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 287 երիտասարդ:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի երիտասարդների համար ապահովել մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման, կարիերայի աջակցման համար պայմաններ՝ աշխատաշուկայում արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ անձնային և մասնագիտական աճ ապահովող կարողությունների զարգացման միջոցով:

Գորիսի պետական համալսարանի աշխատանքային թիմը շարունակաբար ընթացիկ հարցումներ է իրականացրել՝ պարզելու ծրագրի ընթացքի, կազմակերպվածության և դասընթացավարների պատրաստվածության մակարդակի մասին երիտասարդ մասնակիցների կարծիքները։

Ստացված տվյալներով կարելի է փաստել, որ երիտասարդների համար նման ձևաչափով կազմակերպվող դասընթացները համարվել են չափազանց արդյունավետ։ Օրինակ, «Գնումների գործընթացի կազմակերպում» դասընթացի մասնակիցները, առանձնակի կարևորելով դասընթացի մեթոդաբանությունը և շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍՆ-ին ու Գորիսի պետական համալսարանին, հիմնականում նշել են, որ դասընթացը եղել է բավականին օգտակար, և կազմակերպվել է ինտերակտիվ, նորարական մոտեցումներով։

«Մշտապես ունեցել ենք հնարավորություն ինքնուրույն աշխատանքների միջոցով կատարելու իրավիճակային խնդիրներ և ավելի լավ պատկերացում կազմելու գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այս առումով դասընթացը շատ օգտակար էր»,- նշել է դասընթացի մասնակիցներից մեկը:

Մասնակիցներից շատերը նշել են, որ դասընթացից ստացել են արժեքավոր գիտելիք ու հմտություններ և հետագայում կփորձեն վերամասնագիտանալ այդ ոլորտում, իսկ որոշները ընդգծել են, որ, լինելով ոլորտում գործող երիտասարդ մասնագետ, ծրագիրը մասնագիտական զարգացման լավագույն և հասանելի հնարավորություն է տվել:

«ՀՀ աշխատանքային օրենսդրություն» դասընթացի դասընթացավար, փաստաբան Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ երիտասարդների ոգևորությունը, ակտիվությունն ու հետաքրքրությունը պահպանվել են դասընթացի ավարտից հետո ևս: Նա փաստել է՝ ծրագրի մասնակիցները ցանկություն են հայտնել, որ այն կրի շարունակական բնույթ, քանի որ աշխատանքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկվածության բարձրացումը մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման տեսանկյունից էական նշանակություն ունի երիտասարդների համար։

Ծրագրի շրջանակում մինչ այժմ առկա և հեռավար ձևաչափերով կազմակերպվել են «Մեդիագրագիտություն», «Ընդհանուր անգլերեն», «Թվային հմտություններ», «Մենեջմենթ», «ՀՀ աշխատանքային օրենսդրություն», «Գնումների գործընթացի կազմակերպում» դասընթացները, ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման կառավարման հարթակներ: Ընթացքի մեջ են «Հաշվապահական հաշվառում», «Թվային հմտություններ», «Թիմային աշխատանք», «Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ», «Սթրեսի կառավարում», «Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին», «Խնդիրների լուծում և ստեղծարարություն», «Առաջնորդության հմտություններ» դասընթացները:

Ծրագրի շրջանակում կազմակերպվելու է նաև աշխատանքի տոնավաճառ, որի նախապատրաստական աշխատանքները ներկայում ակտիվ փուլում են։ Ծրագրի երրորդ բաղադրիչով նախատեսվում է իրականացնել հետազոտություն, որը վեր կհանի աշխատաշուկայում երիտասարդների պահանջարկի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող մի շարք հիմնահարցեր: