Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի. երրորդ թողարկումը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին և կտևի մինչև 2024 թվականի ապրիլ։ Նախագիծն այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու կինոյի ավանդույթներին, արդի միտումներին։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ֆրանսերենի ուսուցումը: Այս համատեքստում մասնակիցները 2023 թվականի հունիսից Երևանում և Գյումրիում ուսումնասիրում են ֆրանսերեն։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, նախագծի ղեկավար դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը, ֆրանսերենի ուսուցիչ Էլեն Օհանջանյանը, «Miassine» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության կարևորությանը: Նրա ընդգծմամբ՝ հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի խոր արմատներ, որին առավել դրական լիցքեր են հաղորդում մշակույթի ոլորտում փոխհամագործակցությանն ուղղված քայլերը: Նրա համոզմամբ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը բոլոր հնարավորություններն ունի կրթական գործընթացներն ապահովվելու եվրոպական չափանիշներով:

«Անչափ կարևորում եմ այս բուհի բոլոր գործընթացները ու փոխհամագործակցությանն ուղղված քայլերը, որոնցից է նաև «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի իրականացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր նախագծերը, մասնավորաբար՝ վարպետության դասերը, երիտասարդ արվեստագետների փոխանակման և համագործակցությանն ուղղված այլ ծրագրերը հնարավորություն են ընձեռելու մեր երիտասարդներին կատարելագործելու իրենց մասնագիտական վարպետությունն ու հաջողությունների հասնելու հեղինակավոր տարբեր հարթակներում ևս»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ լայնացնել համագործակցության շրջանակն արտերկրի գործընկերների հետ: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանսերեն լեզվի իմացությունն ու հորդորել առավել ջանասիրաբար ուսումնասիրել այն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի նշմամբ՝ ֆրանսերենը բուհ բերելը, ինչպես նաև իր ղեկավարած հաստատությունը ֆրանկոֆոն երկրների բուհերի շարքում դասելը երազանք է եղել, սակայն այժմ այս ուղղությամբ արվում են գործնական քայլեր. «Սեպտեմբերից սկսած՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդվում է ֆրանսերեն: Հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր՝ Ռումինիա ուղարկել մեր ուսանողներին` փորձի փոխանակման համար: Իսկ ինչ վերաբերում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցին», ապա նշեմ, որ հաջողված նախագիծ է և ունի կիրառական շատ մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ»։

Նշենք, որ 2023 թ հոկտեմբերից մինչև 2024 թ. ապրիլ հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն արտիստներ Իզաբել Գիյարը, Կորին Ժաբերը, Նորա Արմանին, Լենա Պոգամը և Ռումինիայից՝ Ստեֆանա Սամֆիրան: Յուրաքանչյուր արտիստ արվեստանոցում կաշխատի երկու շաբաթ։ Ապրիլին հնգամսյա աշխատանքը բեմադրության տեսքով կիրականացնի Ռումինիայից հրավիրված արտիստ Ստեֆանա Սամֆիրան: Մասնագիտական ոլորտում և ֆրանսերենի ուսուցման հարցում մեծ հաջողություններ գրանցած 10 ուսանողներ նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի «JLMB» ստուդիայում:

Ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: